25 12 2023

Հայաստանը հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Հայաստանը հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

«Մենք բավականին լավատես ենք այն համատեղ հռչակագրի վերաբերյալ, որը ստորագրվել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից։ Մենք հավատում ենք, որ դա շատ լավ նորություն է»: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափով իրականցվող հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Մեզ համար իսկապես հիմնարար է, որ կայունությունը պահպանվի կովկասյան տարածաշրջանում...», - ասել է նա։

Խոսելով ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորի մասին՝ Կոլոմինան նշել է.«Կարծում եմ՝ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվայից որոշակի հեռավորություն պահելու համար։ Դա մի բան է, որը մենք խրախուսել ենք: Հայերն ազատ են իրենց որոշումներն ընդունելու հարցում: Նրանք որոշել են դա անել, և ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ հետ. խնդրում են ավելի շատ համագործակցություն, խնդրում են ավելի շատ քաղաքական երկխոսություն, ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն և տեսանելիություն մեզ հետ ունեցած հարաբերություններում: Մենք խրախուսում ենք այն ամենը, ինչ կորոշվի մեր գործընկերների կողմից, որը, մեր կարծիքով, լավ է տարածաշրջանի կայունության համար: Դա մեզ համար շատ կարևոր է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ