25 12 2023

Խաղաղության անվան տակ Հայաստանն իրեն դրսևորում է՝ որպես անպատվաբեր կոնֆորմիստ պետություն․ 168.am

Խաղաղության անվան տակ Հայաստանն իրեն դրսևորում է՝ որպես անպատվաբեր կոնֆորմիստ պետություն․ 168.am

168.am-ը գրում է․ Կոնֆորմիզմը կամ հարմարվողականությունը քաղաքականության մեջ տրվող ամենաբացասական բնութագիչներից մեկն է։

Քաղաքական գործչին, կուսակցությանը կոնֆորմիստական են որակում այն դեպքերում, երբ նրանք հեշտորեն փոխում են իրենց համոզմունքները, հեռանում են դավանած գաղափարներից, ուրանում են հավատամքը՝ հանուն տվյալ պահի դիվիդենտի, կոնյունկտուրային շահի։

Կոնֆոմիստ քաղաքական գործիչներին ընդհանուր առմամբ չեն սիրում և լավագույն դեպքում օգտագործում են՝ մրցակիցներին վարկաբեկելու, այլ՝ ավելի ազդեցիկ ուժերին թուլացնելու, ոչ պատվաբեր նպատակներով, մի խոսքով։

Կոնֆորմիզմը՝ որպես հասկացություն, գոյակերպ, դրսևորման որոշակի առանձնահատկություններով, կարող է բնորոշ լինել նաև պետություններին, նրանց վարած արտաքին քաղաքականությանը, այլ երկրների հետ հարաբերություններում նրանց դիրքավորմանը։

Հենց այդպիսի՝ կոնֆորմիստական կամ հարմարվողական արտաքին քաղաքականություն է Հայաստանը վարում հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում արդեն երեք տարի՝ 2020 թվականի արցախյան պատերազմում կրած ողբերգական պարտությունից հետո։ Այս ժամանակահատվածում Ադրբեջանը, Թուրքիայի՝ հիմնականում լուռ, երբեմն՝ աղմկոտ աջակցությամբ գործնականում Հայաստանից ստացել և շարունակում է ստանալ այն, ինչ ցանկանում է։ Հայաստանը, երբեմն՝ զուտ քարոզչական նպատակներով, դիմադրության նշաններ բեմականացնելով, փաստացի կատարում է Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները՝ այդ ճանապարհին չխորշելով ազգային արժանապատվությունը ոտնահարող քայլերից անգամ։ Եվ քանի որ Հայաստանի իշխանության համար կարևորը ոչ թե բովանդակությունն է, այլ ձևը, քարոզչական արդյունքը, վարվող կոնֆորմիստական, նվաստացուցիչ քաղաքականությունը հռչակվել է՝ որպես «Խաղաղության պայմանագիր» կամ «Խաղաղության խաչմերուկ», որը սպառվում է հիմնականում ներքին տեղեկատվական շուկայում։

Իրականությունն այն է, որ խաղաղության անվան տակ Հայաստանն իրեն դրսևորում է՝ որպես անպատվաբեր կոնֆորմիստ պետություն, որը պատրաստ է հարմարվել դիմացինի թելադրած ցանկացած պայմանի՝ հանուն սեփական շահի այսրոպեական բավարարման։ Հիմնարար խնդիրն այն է, սակայն, որ այս իրավիճակում որպես շահ հանդես են գալիս ոչ թե Հայաստանի պետական, ազգային շահերը, այլ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական խմբավորման անձնային, լավագույն դեպքում՝ խմբային շահերը, որոնք արտահայտվում են «իշխանություն՝ ցանկացած գնով» բանաձևով։

Լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանի գերխնդիրն է ոչ թե պահպանել Հայաստանի իշխանությունը սեփական տարածքների նկատմամբ, այլ պահպանել սեփական իշխանությունն այն տարածքների հանդեպ, որոնք կմնան Ադրբեջանի հետ առևտրի արդյունքում։

Փաշինյանի համար իշխանությունը ոչ թե միջոց է՝ իրացնելու Հայաստանի պետական շահերը, այլ նպատակ՝ Հայաստանի պետական շահերի միջոցով պահպանելու սեփական իշխանությունը։

Այս հայեցակարգային խզումն է ընկած Հայաստանի ներկայիս ռազմավարական տապալումների հիմքում, որը պետությունը վերածել է այլ երկրների կողմից օգտագործվող կոնֆորմիստական գոյացության։

Իսկ սա հնարավոր է դարձել, ի թիվս այլ գործոնների, նաև այն պատճառով, որ հայ հասարակությունն է վերածվել ամեն ինչի հետ հարմարվող, կոնֆորմիստական հանրույթի, որն անվրդով թողտվությամբ հետևում է՝ ինչպես են մի քանիսը թույլ տալիս ուրիշներին օգտագործել պետությունը՝ իրենց սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ