Ավարտվել է պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի, դրան օժանդակելու, խարդախությամբ նշված գումարների հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՔԿ փոխանցած քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչը տեղեկություն ունենալով այն մասին, որ Քարակերտ գյուղի բնակիչ Լ․Կ․-ն որոշակի գումարի դիմաց զինակոչիներին ապօրինի ազատում է պարտադիր ժամկետային ծառայությունից, հանդիպել է նրան ու իր որդուն հերթական զորակոչից ազատելու դիմաց գումար առաջարկել:
Չմերժելով առաջարկը՝ Լ․Կ․-ն 18-ամյա տղային իբրև թե զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդության հիմքով զորակոչից ազատելու գործընթացը կազմակերպելու և իբր որոշակի գործողություններ կատարելու համար իրավասու պաշտոնատար անձանց գումար տալու պատրվակով, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տղայի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք։
Մասնավորապես, 2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Լուկաշին գյուղի բնակիչը վերջինիս մաս-մաս փոխանցել է 6,332.500 ՀՀ դրամին համարժեք 13.300 ԱՄՆ դոլար գումար, իսկ պայմանավորած գումարի մնացած մասը՝ 950.000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը, ստացել է նրա որդուց:
Սակայն Լ․Կ․-ն հիշյալ գումարը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ խաբեությամբ հափշտակել է իրեն փոխանցված 15,300 ԱՄՆ դոլարը:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա զինակոչիկին մեղարդանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառ տալու փորձին օժանդակելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ) նրա հորը կաշառ տալու օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), իսկ Քարակերտի 63-ամյա բնակչին՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։
Վերջինս կալանավորվել է, ապա նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է 5․000․000 ՀՀ դրամ գրավով։ Կալանք է դրվել նաև վերջինս գույքի վրա։
Իսկ զինակոչիկի ու նրա հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է, և նշված մեղադրյալների մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը