15 12 2023

Կանխվել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսանենգության դեպք

Կանխվել է 1 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսանենգության դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանի Հանրապետության օդային սահմանով սահմանված կարգի խախտմամբ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեպքերը։  Համատեղ բացահայտվել է ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափի գումարի մաքսանենգության դեպք:

Կոմիտեից հայտնում են՝ դեկտեմբերի 14-ին  ՊԵԿ ՄԴՊ վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցները  համատեղ, մաքսային հսկողության «կանաչ ուղու» գիծը հատելուց հետո, իրենց լիազորություններն իրականացնելիս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում  զննման են ենթարկել Միլան-Երևան չվերթով ժամանած ՀՀ և ՌԴ քաղաքացի Վ․Ա․-ին պատկանող ուղեբեռը։   Իրականացված մաքսային հսկողության արդյունքում, բացի անձնական օգտագործման ապրանքներից, հայտնաբերվել է չհայտարարագրված մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար, որից 1000 հատը 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ են եղել, 9500 հատը`  100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ։

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և նյութերի հետ միասին տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ