«Պետք է շատ հստակ արձանագրել, որ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը և 44-օրյա պատերազմը իրարից շատ բաներով են տարբերվում: 44-օրյա պատերազմի ժամանակ թեկուզ ադրբեջանական զորքերի առաջխաղացումներ կային, բայց մեր քաղաքացիական բնակավայրերից բավականին մեծ հեռավորության վրա էին գտնվում: Պետք է հասկանալ, որ սեպտեմբերի 20-ին ադրբեջանցիների ուժերն արդեն կանգնած էին Շուշիի տանկի մոտ, և կարող էին 5-10 րոպեի ընթացքում մտնել Ստեփանակերտ, և սկսվելու էր ցեղասպանությունը բառի բուն իմաստով»,- «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Առկա ուժերով այդ «Յաշմաներին» ու մյուս ստորաբաժանումներին դիմակայելու ուժ չկար: Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել էր 23 զոհ, որոնց մեջ կային 5 երեխաներ: Ընդ որում ,հարձակումը եղել է այն ժամանակ, երբ երեխաները գտնվում էին դպրոցներում: Եվ հենց սեպտեմբերի 19-ից սկսած Արցախում եղած իրավիճակի մասին ես վստահորեն կարող եմ պնդել, որ որևէ մեկը չէր դիմանա այդ ամենին… Քաոտիկ իրավիճակ էր, առկա էր սպառնալիքը, որ ամեն վայրկյան ադրբեջանական ուժերը կարող էին մտնել ցանկացած բնակավայր, ադրբեջանական առաջխաղացման հետեւանքով մեր բնակավայրերը կտրվել էին միմյանցից: Ես այդ օրերին այնպիսի զանգեր էի ստանում մեր համայնքների ղեկավարներից, որ մինչեւ կյանքիս վերջ չեմ մոռանա… Երբ Ստեփանակերտը Մարտունու հետ կապ չուներ, Ստեփանակերտը Մարտակերտի հետ կապ չուներ, ինտերնետ ու հեռախոսակապ չկար, որ կարողանայիր գոնե իմանալ, թե որ համայնքում քանի մարդ է մահացել, երբ Մարտակերտի հիվանդանոցից 5 օրում պետք է կարողանայիր տեղափոխել դիակները, շատ հեշտ է հեռավորության վրա շատ-շատ բաներ ասելն ու ինչ-ինչ արտահայտություններ անելը»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Մանրամասն՝ տեսանյութոում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը