Ադրբեջանում շարունակվում է գերեվարված Գագիկ Ոսկանյանի՝ շինծու գործով դատական նիստը, որի ժամանակ դատավորը «մեղադրյալ»-ին բացատրել է իր իրավունքները։
Դատական քննությունը հայտարարվել է բացված, մեղադրող դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը:
Ըստ դրա. «Այս տարվա օգոստոսի 16-ին Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը ԱՀ տարածքում ահաբեկչական դիվերսիոն գործողություն իրականացնելու նպատակով խախտել է ԱՀ պետական սահմանը Հայաստանի հետ՝ Քելբաջարի շրջանի Իստիսու գյուղի տարածքով անցնող հատվածում։
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ձերբակալել են դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Ոսկանյան Գագիկին։
Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ Զինաթափման ժամանակ նա զինված դիմադրություն է ցույց տվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին և փորձել սպանել նրանց։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 (զենքի և ռազմամթերքի մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 214.2.1, 214.2.3 (ահաբեկչություն մի խումբ անձանց կողմից նախապես հրազենի գործադրմամբ, դավադրություն, 29.120 (սպանության փորձ), 228.2.1 (անօրինական կերպով հրազեն ձեռք բերել, փոխադրել, պահել մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով), 283.2.1 (ազգային ատելություն հրահրելուն ուղղված գործողություններ ուժի կիրառմամբ) և 318.2. (խմբակային անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԱՀ սահմանի ապօրինի հատումը ուժի կիրառմամբ)»,- ասված է առաջադրված մեղադրանքում, որը ներկայացրեցինք առանց խմբագրման:
Առաջադրված մեղադրանքում հայ պահեստազորայինն իրեն մեղավոր չի ճանաչել։
Դատավորը հայտարարել է, որ հոդվածներից մեկով ամբաստանյալը կարող է պատժվել ցմահ ազատազրկմամբ, իսկ մյուսով՝ 20 տարվա ազատազրկմամբ։
Դատական նիստը շարունակվում է մեղադրյալների և տուժողների ցուցմունքներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը