14 11 2023

«Ստեփանակերտ չկա, ձեզ վարկ չենք տալիս», ասել են արցախցիներին. Գեղամ Նազարյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթը՝  ԱԺ հայտարարության ժամին:

«Այն մեծ ողբերգությունն ու աղետը, որ պատահեց մեզ, որքան էլ տարօրինակ հնչի, մեզ պետք է դարձնի ավելի ուժեղ, ավելի իմաստուն, ավելի արժանապատիվ:

Գյումրեցին չպետք է ատի արցախցուն, արցախցին, երեւանցուն, վանաձորցին, վարդենիսցուն եւ այսպես շարունակ:

Իսկ հիմա համազգային խնդիր պետք է դառնա արցախցիներին արժանապատիվ աջակցություն ցուցաբերելը:

Ցավոք պետք է արձանագրեմ, որ բախվել ենք մի իրավիճակի, երբ հանդիպում ենք ամոթալի փաստերի հետ:

Բերում եմ ընդամենը մեկ մասնավոր օրինակ: Արցախցի նահատակ, հերոս Զորիկ Շահրամանյանի ծնողները՝ Վախթանգն ու Մանուշն իրենց մեջ այնպիսի ուժ գտան, որ լույս աշխարհ բերեցին փոքրիկ Արիանային, համարձակվեցին հիպոտեկով տուն ձեռք բերել, բայց հիմա հայտնվել են ծանրագույն վիճակում:

Նրանք ոչ միայն զրկվեցին Ստեփանակերտում ունեցած բնակարանից, այլ նաեւ արդեն երկու ամիս է հերոս Զորիկի զինվորական հայրը չի ստանում զինվորականի իր կենսաթոշակը, իսկ մայրը՝ նորածնի համար նախատեսված նպաստը:

Հիպոտեկային վարկը 2-3 ամսով սառեցնելու համար դիմել են բանկ, այնտեղ միայն խոստացել են քննարկել, իսկ առայժմ ժամկետանց վարկ չունենալու համար ցանկացել են ոսկու գրավադրմամբ բանկերից մեկում գումար ստանալ, բայց մերժվել են: Ստեփանակերտ չկա, ձեզ վարկ չենք տալիս, ասել են նրանց:

Ինչո՞ւ պետությունը, բանկերը պետք է այս մարդկանց համար լրացուցիչ դժվարություններ ստեղծեն: Ի դեպ, այս ընտանիքը չի ստացել հարյուր հազար օգնությունը, եւ ամեն ամիս տրամադրվող հարյուր հազար դրամը, քանի որ Արցախից եկել են ավելի շուտ, քան մինչեւ Մեծ ելքը:

Ոչ այս ընտանիքը, ոչ արցախցի մեկ այլ ընտանիք այս իրավիճակում չպետք է նման պայմաններում հայտնվի:

Հայրենակիցներ, ինչպես երեւանցիներ, գյումրեցիներ, այնպես էլ արցախցիներ, այս իրավիճակում մեր թշնամին ցանկանում է, որ մենք միմյանց ատենք ու ատենք, նեղացնենք ու ճնշենք, ուշադիր եղեք, մի խաղացեք թշնամու խաղը եւ անգամ մի ասեք՝ արցախցիները եկան Երեւանում խցանումներ սկսվեցին: Խցանումները մինչ այդ էլ կային: Արցախցիներ, հավատացեք, Մեղրիում ու Իջեւանում, Երեւանում ու Գորիսում ձեզ շատ են սիրում»:          

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ