«Հայաստանում ժամկետային զինծառայողների թիվը էական նվազում է արձանագրել»։ Այս մասին այսօր հայտարարել է «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն առաջարկում է 27 տարին լրացած քաղաքացիներին ժամկետային ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ՝ համապատասխան վճարի դիմաց։
Իշխանական պատգամավորը նաև ներկայացրեց 2010-2019 թթ ժամկետային զինծառայողների թիվը՝ չնայած դիտարկմումներին, թե՝ արդյո՞ք այդ թիվը պետական գաղտնիք չէ և արդյո՞ք այդ տվյալները կարելի է ներկայացնել։
«2010 թ-ին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող և 9 տարվա ընացքում այդ թիվը նվազել է 44 տոկոսով և դարձել է 24 հազար։ Սա նշանակում է, որ այս օրենքը կնպաստի, որ ավելի քիչ թվով մարդիկ խուսափեն ծառայությունից և գնան արտերկիր»։
Նա նաև նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում բանակում ծառայողների թիվը նույնպես գնալով նվազել է։ «Ճիշտ է՝ սա նաև ունի դեմոգրաֆիական պատճառ, նվազել է նաև ՀՀ-ում ծնված տղաների թիվը։ 1992 թ-ին ծնվել է 32 հազար տղա, իսկ 2001 թ-ին ծնվել է 17 հազար տղա։ Այսինքն, 10 տարվա ընթացքում 52 տոկոսով քիչ տղա երեխա է ծնվել»։
Նշենք, որ զինծառայողների թվի մասին տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը