ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 23-ից հանդիսանալով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է ընդհանուր ավելի քան 900 հազար ՀՀ դրամ:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված համալսարանի երեք ուսանողների մագիստրոսական թեզը գրելու, ինչպես նաև հետագա նախապաշտպանությունը բարեհաջող անցկացնելու համար Ա. Մ.-ն նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր 450․000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո հիշյալ ուսանողները մագիստրոսական թեզը հանձնել և ստացել են բարձր միավորներ:
Բացի այդ, Ա. Մ.-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն համալսարանի մի շարք այլ ուսանողների՝ 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից յուրաքանչուրից ստացել է 20.000-ական, ընդհանուր՝ 340.000 ՀՀ դրամ կաշառք:
Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ ևս երկու ուսանողի կուրսային աշխատանքներն ու վերահանձնման ենթակա առարկաների քննությունները դրական գնահատելու համար Ա. Մ.-ն նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է 60.000-ական ՀՀ դրամ:
19 ուսանողից տարբեր չափերի կաշառք պահանջելու և ստանալու համար Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Ա. Մ.-ին կաշառք տված ուսանողների նկատմամբ էլ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ գործուն զղջալու հիմքով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը