Արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է․
«Սեպտեմբերին երեխաները դպրոց գնացին առանց դասագրքերի։ Ըստ պաշտոնական բացատրության՝ պատճառն ինչ֊ինչ տեխնիկական հանգամանքներն էին։ Իրականում շան գլուխը մի այլ տեղ էր թաղված։ Գիտության և կրթության նախարարությունն ամեն ստոր միջոցի դիմել էր դպրոցական դասագրքերում ազգային դիմագիծը, հայկականությունն ու հայի ինքնությունը աղավաղելու համար։ Գրականության դասագրքերում բացակայում էին դասական առաջատար գրողները...։ Անձամբ ինձ շատ վրդովվեցրեց Րաֆֆու բացակայությունը, ով իրավամբ համարվում է մեր ազգային կերտվածքի ճարտարապետը, ոգեղեն տաճարի բացառիկ անկյունաքարը։
Առավել քան խայտառակություն էր պատմական Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի քարտեզ Ադրբեջան պետության խոթելը, Պատմական Հայաստանում Մեծ Հայքի բացակայությունն ու Անատոլիայի ներկայությունը։ Պարզորոշ նկատելի է Թուրքիայի և Ադրբեջանի ներկայությունը մեր կրթական համակարգում։ Նրանք են հիմնական կարգադրիչն ու վերահսկողը, ամենակարող ԳԼԱՎԼԻՏԸ։
Սեպտեմբերի սկզբներին Արցախը դեռևս հայաթափված չէր։ Իշխանությունները համբերատար սպասում էին այդ աղետին։ Վախենում էին ավելորդ գլխացավանքից։ Իսկ Արցախից հետո թեկուզ փոթորիկ, մանավանդ, որ ալեկոծ ծովում ջուր չէր մնացել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը