10 10 2023

Արցախից տեղահանված երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. ՅՈՒՆԻՍԵՖ

Արցախից տեղահանված երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. ՅՈՒՆԻՍԵՖ

Ավելի քան 30,000 երեխաներ ստիպված են եղել փախչել իրենց տներից երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում ռազմական գործողությունների պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ առանց անհապաղ աջակցության, նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ:

Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. փաստում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող սոցիալական աշխատողները, որոնք հատուկ աջակցություն են ցուցաբերում վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած երեխաներին և նրանց ընտանիքներին:

Գորիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու ապահով անկյուններում աշխատող սոցիալական աշխատողները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը:

Ավելի քան 30,000 հայ երեխա է Հայաստանում ապաստանել երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում սկսած ռազմական գործողություններից ի վեր: Ի լրումն տեղահանության, այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը և ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, և ինչպես պատմում են ընտանիքները, նոր հարձակումների վախի պարբերական զգացումով:

«Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները և ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա: Երեխաները տարիներ շարունակ կրելու են այս անասելի տխրեցնող իրադարձությունների հետևանքները, եթե շարունակական աջակցություն չստանան»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

«Հոգեկան առողջության համաշխարհային օրվա խորհրդով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում համապատասխան ներդրումներ կատարել հոգեկան առողջության և երեխաների հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ՝ հենվելով առողջապահական, սոցիալական պաշտպանության և կրթական համակարգերի վրա: Սա հավասարապես կարևոր է ոչ միայն վաղ հայտնաբերման և անհապաղ աջակցության տեսանկյունից, այլև երկարաժամկետ հեռանկարում, քանի որ ընտանիքները շարունակելու են բախվել կորստի զգացմանը և հետտրավմատիկ սթրեսի հետ»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է համայնքներում Հայաստանի կառավարության և այլ գործընկերների հետ՝ օգնելու փախստական երեխաներին ստանալ անհրաժեշտ խնամք և ծառայություններ՝ հաղթահարելու իրենց առջև ծառացած մարտահրավերները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստում է առաջնագծում աշխատող մասնագետներին՝ հոգեբանական առաջին օգնություն և հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու համար: Առողջապահության նախարարության հետ միասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձևավորել է շարժական մանկաբուժական թիմեր, որոնք հնարավորություն կտան ամբողջ երկրում սկրինինգների միջոցով բացահայտել և արձագանքել հոգեկան առողջության կարիքներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 12,6 միլիոն ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է անում՝ հետագա վեց ամիսների ընթացքում կարևոր ծառայությունների, այդ թվում՝ կրթական, երեխաների պաշտպանության, առողջապահական, սնուցման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ