«Հրապարակ»-ը գրում է․
Երևանում շարունակվում են ավագանու ընտրությունները՝ մասնակցության շատ ցածր տոկոսով։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին հարցրինք, թե իր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված նման ցածր մասնակցությունը, սակայն նա ասաց, որ ընտրությունների ընթացքին չի հետևում։
Սրբազանին հարցրինք, թե, իր կարծիքով, ի՞նչ տեղի կունենա, եթե այսօր Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ՔՊ-ն հաղթի՝ հաշվի առնելով, որ մասնակցող շատ քաղաքական ուժեր պնդում են, որ Երևանի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վերջի սկիզբը կարող են լինել․
«Կլինի նույնը, ի՞նի չպիտի լինի, ինչի մեջ որ ենք, դրա մեջ էլ կմնանք, ուրիշ ի՞նչ պիտի լինի»,- պատասխանեց սրբազանը։ Իսկ եթե Ավինյանը չընտրվի, հույս կլինի՞, որ դրանից կարող է իշխանափոխության գործընթաց տեղի սկսվել․
«Եթե չընտրվի, այո, գոնե կարող է որոշակի իմաստով հակակշիռ լինել, այն էլ թերևս»․- պատասախանեց Միքայել սրբազանը։
Սրբազանին հիշեցրինք, որ ինքը մի անգամ քննադատել է խորհրդարանական ընդդիմությանը՝ Երևանի ընտրություններին չմասնակցելու համար, Միքայել սրբազանն ի պատասխան ասաց․
«Չեմ քննադատել, ասել եմ, որ եթե չեն ուզում մասնակցել, նշանակում է, որ ի վիճակի չեն, չեն հավատում իրենց հաջողությանը»,- պատասխանեց սրբազանը։
Նրանից նաև հետաքրքրվեցինք, թե լսե՞լ է Փաշինյանի վերջին ելույթը, երբ նա ընդդիմությանը սպառնում է «ասֆալտի դիետայով» ու բորդյուրները լիզել տալով, սակայն Միքայել սրբազանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթները վաղուց դադարել է լսել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը