13 09 2023

Ընտրությունից առաջ կանաչապատման ՀՈԱԿ-ի մոտ 500 աշխատակցի պարգևավճար են տվել․ «Հետք»

Ընտրությունից առաջ կանաչապատման ՀՈԱԿ-ի մոտ 500 աշխատակցի պարգևավճար են տվել․ «Հետք»

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մոտ 500 աշխատակցի օրերս պարգևավճար է տրվել։ Այդ մասին գրում է  «Հետք»-ը: Ըստ կայքի՝ այն եղել է աշխատակիցների աշխատավարձի 50%-ի չափով։ Այդ ՀՈԱԿ-ում միջին աշխատավարձը 110 հազար դրամ է։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն այս օրերին ակտիվ մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։ Նա ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցուցակում 155-րդն է։

Ավագանու ընտրությունից առաջ պարգևավճար բաժանելու վերաբերյալ «Հետք»-ի տեղեկությունները ո՛չ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հերքեց, ո՛չ էլ ՀՈԱԿ-ի հանրային կապերի պատասխանատուն։

Կայքը ներկայացրել է պարգևավճարներ հատկացնելու տեղեկությունը ստուգելու նպատակով ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ ունեցած հարցազրույցը։

-Պարոն Բեգոյան, մենք տեղեկություն ունենք, որը ցանկանում եմ անձամբ Ձեզնից ճշտել։ Ճի՞շտ է, որ Ձեր ղեկավարած ՀՈԱԿ-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձի 50%-ի չափով պարգևավճար են ստացել, եթե այո, ապա ինչի՞ առիթով են ստացել պարգևավճար։

-Նախ սկսենք նրանից, որ ես արձակուրդում եմ և այդ տեղեկությունը ես ինքս պետք է ճշտեմ։ Ես այս պահին տեղեկություն չունեմ։ Երկրորդ՝ այդ աշխատակիցները հիմնականում մեր այգեպաններն են։ Լինում է, որ ստանում են, որովհետև իրենց աշխատավարձը 110 հազար դրամ է, շատ ցածր է։ Տարվա մեջ այդպես լինում է, որ ստանում են։ Տվյալ դեպքում՝ ստացել են, թե ոչ, չեմ կարող ասել, դա ճշտել է պետք։

-Հնարավո՞ր է այսօր ճշտեք։

-Փորձեմ, ես հիմա շատ զբաղված եմ։ Փորձեմ, եթե ստացվի, տեղյակ կպահեմ։

-Մինչ այդ կասե՞ք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների թիվը և որքա՞ն է կազմում նրանց միջին աշխատավարձը։ Դա պետք է որ իմանաք։

-Այգեպանների թիվը մոտ 500 հոգի, կոնկրետ չհարցնեք, որովհետև աշխատանքի վայրում չեմ։ 400-ից 500 հոգի, որոնց մաքուր աշխատավարձը 110 հազար դրամ է։ Շատ ցածր է։ Նաև ես ամեն ինչ անում եմ, որ մյուս տարի այդ աշխատավարձերը բարձրանան, որովհետև մեր բանվորներն ու այգեպանները տիտանական աշխատանք են կատարում։

-Հետաքրքիր է ձեր կարծիքը։ Ընտրությունից մի շաբաթ առաջ պարգևավճար տալն արդյո՞ք վարչական ռեսուրսի չարաշահման կամ ընտրողին նյութապես շահագրգռելու մասին չի խոսում։

-Հստակ պատասխանեմ՝ ոչ։ Գրեթե ամեն եռամսյակ, աշխատավարձի ցածր լինելու պատճառով, տրամադրվում են պարգևավճարներ՝ մի փոքր կոմպենսացնելու համար այդ մարդկանց ցածր աշխատավարձը և իհարկե նաև այդ մարդկանց կատարած տիտանական աշխատանքը։ Ես չգիտեմ՝ դուք նկատել եք, թե չէ, բայց կանաչապատման մեջ արված փոփոխությունները և այդ մարդկանց շոգին, արևի տակ կատարած աշխատանքը․․․․ Դա մշտական բնույթ է կրել։ Միշտ էլ ցածր աշխատավարձի պայմաններում, երբ կազմակերպությունը կարողացել է այդ հնարավորությունը ստեղծել, կամ քաղաքապետարանն է այդ հնարավորությունը ստեղծել, և մենք փորձել ենք այդ մարդկանց պարգևատրել։ Եթե չեմ սխալվում, պարգևատրում ստացել են նաև գարնան վերջին։

-ՀՈԱԿ-ի աշխատակիցներին պարգևատրելու որոշումը Ձեր որոշու՞մն է լինում, թե՞ համայնքի ղեկավարի որոշումով է կատարվում։

-Ոչ, իմ որոշումով է։

–Հիմա դա Ձեր որոշումով է կարգավորվում և Դուք չգիտե՞ք՝ նման որոշում կայացրել եք, թե չէ։ Ասում եք կճշտեմ, հետո կասեմ։

-Իմ որոշումը միշտ կա, որ այդ մարդկանց․․․ եթե իմ ձեռքը լիներ, ես այդ մարդկանց աշխատավարձը կբարձրացնեի։ Եթե չի բարձրացել և իմ ձեռքը լիներ, ամեն ամիս կտայի պարգևավճար որոշակի չափով։ Ես միշտ պատրաստ եմ պարգևավճար տալու՝ հաշվի առնելով այդ մարդկանց գիշեր-ցերեկ կատարած աշխատանքը։ Խնդիրն այն է, որ պարգևավճար տալու համար պետք է գումար լինի։ Երբ որ այդ գումարը կազմակերեպության ինչ-ինչ խնայողությունների հաշվին լինում է, ես պարգևավճարը տալիս եմ։ Երբ որ չի լինում այդ գումարը, լինում է, որ դիմում եմ քաղաքապետարանին նույն պատճառաբանությամբ, որ խնդրում եմ կատարված լավ և անձնվեր աշխատանքի համար հատկացրեք լրացուցիչ գումար պարգևավճար տալու համար։

Այդպես եղել է անցած տարի, այդպես եղել է այս տարի գարնանը, և ես մեծ ցանկություն ունեմ, որ այս տարի աշնանն էլ լինի, ձմռանն էլ լինի մինչև այդ մարդկանց աշխատավարձերը կբարձրանա։ Աշխատավարձերը բարձրացնելը փոքր գումար չէ, տարեկան կտրվածքով հսկայական միջոցներ են անհրաժեշտ դրա համար, հնարավոր չի եղել այս տարի բարձրացնել։ Ես հույս ունեմ, որ գոնե 2024 թ․-ին հնարավոր կլինի և՛ աշխատավարձերն ավելացնել, և՛ հաստիքները։ Երևանի կանաչ տարածքները 35 հա-ով ավելացել են, տնկվել են ծաղկանոցներ՝ լանդշաֆտային ձևավորմամբ, որոնց խնամքը պետք է ավելի ուշադիր արվի, ավելի շատ աշխատանք պետք է տարվի, հաստիքներ պետք է ավելացվեն և այդպես շարունակ։ Խոսքը չի վերաբերում ղեկավար կազմին։

-Այս վերջին դեպքը՝ պարգևատրումը, եղել է ՀՈԱԿ-ի միջոցներո՞վ, թե՞ քաղաքապետարանի միջոցներով։

-Ես չեմ կարող ասել, օրենքի սահմանած կարգով ես արձակուրդի մեջ եմ։ Ես ինքս ավագանու ցուցակում եմ և օրենքի ուժով ուղարկվել եմ արձակուրդ, հիմա էլ եմ ընտրարշավի մեջ, շատ զբաղված եմ։ Ես միշտ եմ փորձում միջոցներ գտնել կամ քաղաքապետարանից խնդրել, որ այդ մարդկանց ինչ-որ պարգևավաճար տամ, որովհետև վստահաբար կարծում եմ, որ եթե հնարավորություն լիներ անձամբ իմ ձեռքը լիներ ես գրեթե ամեն ամիս այդ մարդկանց ինչ-որ չափով պարգևավճար կտայի։

-Պարոն Բեգոյան, Դուք ասացիք, որ ղեկավար կազմը չկա։ Այսինքն՝ Դուք, Ձեր տեղակալները չեն ներառվում սրա մեջ, մյուսները ներառվո՞ւմ են։

-Այո, տեղակալները և այդպես շարունակ։ Հիմնականում սա դեռ մի քիչ օդի մեջ խոսակցություն է, բայց ձևավորվում է այդ խոսակցությունը, իմ ամբողջ խնդիրն է մեր այգեպանների, տնկարանային տնտեսության մասնագետների, ոռոգման մասնագետների, որոնք 40 կմ ոռոգման ցանց են անցկացրել 1 տարում, այդ աշխատողների աշխատավարձը բարձրացնել։ Այգեպաններինը՝ 40-ից 50 %-ով, 30-ից 40 %-ով՝ վարպետներինը, 20-ից 30%-ով՝ պատասխանատուներինը և այդպես շարունակ։ Սա իմ ցնակությունն է, իմ պնդումն է։ Թե ինչքանով համայնքը հնարավորություն կունենա, ես դա չեմ կարող ասել։

-Այսօր եթե մենք պարգևավճարների մասին այս նյութը գրենք, լինելու են հայտարարություններ, որ ընտրություններից առաջ փորձել եք մարդկանց նյութապես շահագրգռել։

–Գիտեք ինչ կա, եթե գրելու եք այդ նյութը, այդ դեպքում գրեք իմ այս պատասխանը։ Այդ ընտրությունները գիտեինք չէ՞, որ լինելու է 2023 թ․-ին, այդ դեպքում եթե այդպես էր, կբարձրացվեր աշխատավարձերը։ Ոմանք գլուխները պատով կտան, որ կշահարկեն այդ խնդիրը, որովհետև վստահաբար կարող եք գրել, որ այսօր 110 հազար դրամով աշխատող այգեպանի ծանրագույն աշխատանքն արևին, ձմռանը ձյուն մաքրելը, էտի սեզոնին էտ իրականացնելը, այդ աշխատավարձերը միանշանակ չեն համապատասխանում իրենց կատարած աշխատանքին․․․․ Էնպես որ դա շահարկողները պետք է մի քիչ էլ սրբություն ուենան։ Մեր կոնտինգենտը բավականին տարիքով է, և այդ մեր տատիկ-պապիկները կատարում են տիտանական աշխատանք։ Դա շահարկելն առնվազն անամոթություն կլինի, որովհետև աշխատավարձերի ցածր լինելն է պատճառը։ Եթե հիշողությունս չի դավաճանում, երկու անգամ անցած տարի է վճարվել պարգևավճար և մեկ տարի էլ այս անգամ գարնանը՝ Եռաբլուրի մեծ հսկա անտառը հիմնելուց հետո, այո, այդ մարդկանց վճարվել է։ Այս հիմիկվանը ստացվել է միջոցներ գտնել, պարգևավճար տալ, ես չեմ կարող ասել, որովհետև զբաղվածությունս մեծ է և կազմակերպութունից շատ տեղեկություններ չունեմ։

-Վերջին հարցս։ Իրավական առումով ինչպե՞ս է լինելու։ Դուք արձակուրդում եք, գնալու եք 1 օր աշխատեք, պարգևավճարի որոշումը ստորագրե՞ք, ո՞նց է լինելու։ Միևնույն ժամանակ մենք գիտենք, որ այդ պարգևավճարն արդեն մարդիկ ստացել են։

–Գիտեք, իմ տեղը ժամանակավոր պաշտոնակատար կա, և նա պետք է արած լինի, եթե տրվել է, հատկացվել է այդ ֆինանսական միջոցներն այդ խեղճ բանվորներին, այգեպաններին․․․․ Ես ձեզ նորից ասում եմ, չգիտեմ եղել է, թե չէ, բայց իմ ամեն ամսվա խնդիրն է՝ այդ գումարը հայթայթեմ և այդ հարցը լուծեմ, իհարկե չի ստացվում։ Իմ տեղը հիմա պաշտոնակատար կա, և այդ հրամանները եթե եղել է, բնականաբար, նա է տվել։ Պաշտոնակատարն իմ տեղակալն է, որն այս պահին կատարում է տնօրենի պարտականությունը։

Ամեն դեպքում էդպես էլ գրեք, որ գլուխը պատով կտան շահարկողները։

-Ես այս հարցազրույցից հասկացա, որ եղել է պարգևավճար, և Դուք էլ այդ որոշումը պաշտպանում եք։

–Ես չեմ կարող ասել՝ հիմա եղել է, կարող է չի եղել, կստեմ։

-Լավ, բայց եթե եղել է, դուք պաշտպանու՞մ եք այդ որոշումը:

-Միանշանակ պաշտպանում եմ և միանշանակ միշտ զբաղված եմ եղել այդ հարցով, որ այդ մարդկանց աշխատավարձը բարձրանա կամ քանի դեռ չի բարձրացել այդ մարդկանց հնարավորություն լինի ինչ-որ ձևով պարգևատրման ձևով, չգիտեմ, 20, 30, 50 հազար դրամ գոնե երկու ամիսը մեկ տալ։ Ճիշտ է՝ իմ մոտ չի ստացվել, որովհետև մարդկանց քանակը մեծ է, որովհետև այդ 500 հոգուն մաքուր 50 հազար դրամ աշխատավարձ տալու համար պետք է 70 հազար դրամ փոխանցել, որը կկազմի 30-40 միլիոն դրամ։ Քիչ գումարների մասին չէ խոսքը։ Ամեն դեպքում, այո, անցած տարի էլ է եղել, իմ գալուց հետո էլ է եղել։ Այս տարի էլ է եղել մի անգամ և անկեղծ ասեմ՝ ամբողջ ամառն էլ փող հայթայթելով էի զբաղված, որ էլի տայինք։

Պարգևավճար տալու մասին տեղեկությունը փորձեցինք նաև ստուգել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Աղաբեկյանից։ Վերջինս, լսելով մեր հարցը, նախ ասաց, որ պարգևավճարների մասին տեղեկությունը գաղտնի է, հետո ասաց, որ իր բաժինը չի ստացել պարգևավճար։ Մեր ճշտող հարցին, թե պարգևավճարի վերաբերյալ տեղեկությունը ինչու՞ է գաղտնի, նապատասխանեց․ «Եթե համընդհանուր չի տրվում պարգևավճար, տրվում են կոնկրետ մարդկանց, և հնարավոր է դրա մասին մյուսները չիմանան։ Ընդամենն այսքանը»։

Տեղեկությունը Արթուր Աղաբեկյանից բանավոր ստուգելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան։ Պարգևավճարի վերաբերյալ մեր հարցերն ուղարկել ենք գրավոր տարբերակով։ Պատասխանը ստանալուց հետո անպայման կհրապարակենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ