Ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիա ռադիկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին երեկոյան ձերբակալվել են Գորիսում, այժմ նրանք ՔԿ-ում են։ Գրել է Սպուտնիկ Արմենիան։
Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ ընթանում են քննչական ընթացակարգեր, սակայն թե ինչն է եղել ձերբակալման պատճառը, դեռևս չի հաղորդվում։ Մեր գործընկեր Աշոտ Գևորգյանը մեկնել է Սյունիք ՝ սահմանամերձ շրջաններում կյանքի մասին իր հեղինակային «Մենք» նախագծի շրջանակներում ռադիոնյութեր պատրաստելու համար: Նրա ծրագրերն աչքի էին ընկնում 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրականության սուր դատողություններով և քննադատական գնահատականներով։ Նա հայտնի է նաև որպես կինոռեժիսոր և դերասան։
Միկա Բադալյանին արդեն ձերբակալել էին «Երևանում և նրա սահմաններից դուրս նախապատրաստվող ահաբեկչությունների» մասին իբր կեղծ տեղեկություններ տարածելու համար, սակայն նա գրավի դիմաց ազատ էր արձակվել: Ավելի վաղ այն մասին, որ Միկա Բադալյանը կապի դուրս չի գալիս, գրել էր «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը:
Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա չի բացառել, որ սա ևս մեկ սադրանք է՝ կապված Երևանում ռուս-հայկական մեդիահամաժողովի անցկացման հետ:
«Նրանց սադրանքը, ովքեր քնում և տեսնում են, թե ինչպես փչացնել երկու երկրների հարաբերությունները։ Իսկ դրա մեջ Արևմուտքը շատ մեծ գումարներ է ներդրել։ Ակնհայտ է, որ դրան ուղղված ուժերը վերջին շրջանում ակտիվացել են։ Ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը բոլորի բացարձակ իրավունքն է» կարգախոսով եկած իշխանությունը արտոնելու է լրագրողների նկատմամբ հետապնդումները և արգելափակելու է տեղեկատվության տարածումը», - գրել է նա։
Այս օրերին Երևանում ընթանում է ռուս-հայկական առաջին մեդիաֆորումը։ Ռուսական պատվիրակության անդամներին այսօր ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ նախօրեին նրանք հանդիպել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Նաիրի Հոխիկյանը թեմային անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Միկա Բադալյանին Գորիսում առևանգել են․
Այս մասին կցկտուր տեղեկություններ հայտնի դարձան օրվա ընթացքում։ Հասարակական գործիչ, բլոգեր Միկա Բադալյանը Գորիսից երեկ երեկոյան անհետացել է, կտրված են բոլոր տեսակի կապերը նրա հետ։
Ավելի ուշ որոշ ականատեսներ անանուն հայտնեցին, որ դիմակավորված անձինք ԱԱԾ-ի կամ ուժային այլ կառույցի համազգեստով Միկա Բադալյանին առևանգել են Գորիսի հյուրանոցներից մեկից։ Այդ մասին հայտարարություն տարածեցին նաև ռուսական տելեգրամ ալիքները և լրատվական միջոցները։
Արդեն մոտ մեկ օր որևէ լուր Միկայից չկա։
Հիշեցնեմ, որ Միկա Բադալյանը մշտապես հանդես է գալիս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դիրքերից և մեղադրում Հայաստանի կառավարությանը՝ հակառուսական միտումնավոր քայլերի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը