«Աշոտ Գևորգյանը և Միկա Բադալյանն այս պահի դրությամբ ձերբակալված են 72 ժամով։ Պաշտպանական կողմի կարծիքով, նրանք որևէ առնչություն չունեն դեպքի հետ, հարցաքննության ժամանակ նրանք ևս ասացին։ Նախաքննություն է իրականացվում, ընթացքը ցույց կտա»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Գորիսում ձերբակալված Sputnik Արմենիա լրատվական գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միկա Բադալյանի փաստաբան Լիանա Գրիգորյանը։
Նրանց ձերբակալումը փաստաբանը կապում է թյուրիմացության հետ։
«Ընթանում են քննչական գործողություններ, այդ ընթացքում եթե որոշ հանգամանքներ ի հայտ գան, կարող է չսպասեն 72 ժամին և որոշեն ազատ արձակել, կամ էլ 72 ժամ հետո եթե անհրաժեշտության առաջանա՝ կալանքի տանեն, եթե ոչ՝ ազատության մեջ կհայտնվեն»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ համաձայն Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ-խմբ.) Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։ Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ»։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է ՌԴ քաղաքացի, բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա լրատվական գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալությանը։ Ինչպես հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, դիվանագետները կապի մեջ են լրատվական գործակալության խմբագիրների հետ և ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը։ «Մենք մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով և քայլեր ենք ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս անդրադարձել է դեպքին՝ տելեգրամյան ալիքում գրելով, որ դա նրանց սադրանքն է, «ովքեր քնում և տեսնում են, թե ինչպես փչացնել երկու երկրների հարաբերությունները։ Իսկ դրա մեջ Արևմուտքը շատ մեծ գումարներ է ներդրել։ Ակնհայտ է, որ դրան ուղղված ուժերը վերջին շրջանում ակտիվացել են։ Ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը բոլորի բացարձակ իրավունքն է» կարգախոսով եկած իշխանությունը արտոնելու է լրագրողների նկատմամբ հետապնդումները և արգելափակելու է տեղեկատվության տարածումը»։
«Россия Сегодня» մեդիախմբի մամուլի ծառայությունն էլ «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է․ «Լրագրողի ձերբակալությունը, հատկապես հայ-ռուսական առաջին մեդիաֆորումի ֆոնին, հիմնավորումներ է պահանջում։ Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների միջև բարեկամության խաթարմանն ուղղված սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն»։ Մեդիախումբն ակնկալում է քննության օբյեկտիվություն ու անաչառություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը