28 08 2023

Հայաստան տեղափոխվող անձանց`Ադրբեջանի կողմից առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ

Հայաստան տեղափոխվող անձանց`Ադրբեջանի կողմից առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ Հայաստան տեղափոխվող 22-ամյա ուսանողին, Լաչինի միջանցքից, Ադրբեջանի կողմից առևանգելու մասին

«Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող 22-ամյա ուսանողին Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետից Ադրբեջանի կողմից առևանգելու մասին տեղեկություն ստանալուց հետո  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում դեպքի առնչությամբ սկսվել են ուսումնասիրություններ, Մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների գործընկերների հետ

Քննարկվել են նաև անցակետում համանման այլ միջադեպերի հետ կապված հարցերը։

Արդյունքները հրատապության կարգով կամփոփվեն և գրություններ կուղարկվեն մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող  միջազգային հեղինակավոր կազմակերպություններին։

Միջազգային դերակատարների, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող անձանց` Ադրբեջանի կողմից առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է։ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ տվյալ դեպքում գործ ունենք ադրբեջանական իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետ՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում մարդու հիմնարար իրավունքներին միջամտության առնչությամբ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ