Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան գրառումներով ծանոթացնում է Ս․ Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին.
«ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-2
Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային Ավանդության, որը մեջբերված է 13-րդ դարի նշանավոր աստվածաբան Վանական վարդապետի աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Այս մասին է նշում նաեւ Վարդան վրդ. Արեւելցին իր «Աշխարհացույցում»: Մեկ այլ ավանդություն էլ Մյուռոնը կապում է Ս. Մովսես մարգարեի պատրաստած Յուղի հետ, որը հասել էր մինչեւ Հիսուսի ժամանակները:
Հայաստան գալով` առաքյալն իր հետ բերած սրբազան Յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին եւ բժշկում նրան: Այնուհետեւ նա մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր Յուղը: Այդտեղ իջած լույսով եւ Ս. Գրիգոր Լուսավորչին երեւացած տեսիլքի շնորհիվ հայոց առաջին հայրապետը գտնում է առաքյալի թաղած սուրբ Յուղը եւ խառնում իր օրհնած Մյուռոնին: Հետագայում Լուսավորիչն այդ վայրում կառուցում է Ս. Հովհաննես Մկրտչի անունով մի եկեղեցի, որը հայ մատենագրության մեջ կոչվում է նաեւ «Եղրդուտի վանք» կամ «Ս. Շիշ յուղի վանք»:
Եվ այսպես ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաեւ լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին: Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաեւ եւս մեկ անգամ շեշտում Սրբազան Ավանդության հանդեպ իր հավատարմությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը