09 09 2023

Սա նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեց ջուր և արյուն



 

Հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը:

Հայոց Եկեղեցու դարերով ընդունված Ավանդության համաձայն՝ Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնն օրհնում է նաև աստվածամուխ Ս. Գեղարդով: Սա նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեց ջուր և արյուն (Հովհ. 19. 34):

Ըստ Սրբազան Ավանդության՝ համաքրիստոնեական այս սրբությունը Հայոց աշխարհ է բերել Ս. Թադեոս առաքյալը: Պատմահայր Ս. Մովսես Խորենացին պատմում է, որ Քրիստոսին ժամանակակից Աբգար թագավորն անբուժելի հիվանդ էր: Լսելով Տիրոջ հրաշագործությունների և բժշկումների մասին՝ նա Հիսուսին խնդրում է իրեն այցելել: Տերն արքայի մոտ է ուղարկում Ս. Թադեոսին, ով Ս. Գեղարդով և Փշե պսակով բժշկում է Աբգարին: Վերջինս քրիստոնյա է դառնում՝ նույնը պատվիրելով նաև իր քեռորդի Սանատրուկին: Այսօր աշխարհում կան նմանատիպ մի քանի գեղարդներ, բայց մենք աներկբա հավատում ենք, որ իսկական Ս. Գեղարդը մերն է, քանզի բազում բժշկումներ և հրաշքներ են կապված նվիրական այս սրբության հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ