15 08 2023

Շուրջ բոլորը մահ է. չկա օր, որ անիշխանությունից ու համատարած քաոսից մարդիկ չմահանան․ «Որդիների կանչ» ՀԿ

Շուրջ բոլորը մահ է. չկա օր, որ անիշխանությունից ու համատարած քաոսից մարդիկ չմահանան․ «Որդիների կանչ» ՀԿ

Այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, իշխանության վարած քաղաքականությունը, պարբերաբար կազմակերպվող համերգներն ու խրախճանքները, արատավոր կենսակերպ ունեցող արտիստներին Հայաստան հրավիրելը և մեր հարկերի հաշվին միլիոնավոր դոլարներ մսխելը ունի մեկ նպատակ՝ բթացնել ազգային դիմադրողականությունը, մոռացության տալ մեր ազգային արժեքները, ստվերել ազգի պատմությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների կանչ» ՀԿ-ն:

«Այս ամենը ծրագրված արվում է 2018 թվականի հեղաշրջումից ի վեր։ Շուտով հիմնովին կստվերեն վերջին 30 տարվա մեր փառապանծ հաղթանակներով լեցուն պատմությունը և կանցնեն արդեն նախորդ 5000 տարիներին. սերմերն արդեն գցվել են։

Բանակը հզորացնելու, նորագույն զենքեր գնելու, սահմանները կահավորելու փոխարեն իշխանությունը խաղաղության օրակարգի քողի տակ մսխում է պետական միջոցները։ Գործուղումները վերածվել են տուրիստական շրջագայությունների, հարստանում են անհայտ ծագումով մինչև 2018 թվականը ոչ մի տեղ չաշխատած, բանակում չծառայած, Թուրքիայի փողոցներում քարշ եկած ներկայիս պաշտոնյաները։ Որպես հետևանք, հանրությունը կորցրել է ինքնապաշտպանական բնազդը։ Արցախում 120000 մեր քույրերն ու եղբայրները անմարդկային պայմաններում դիմադրում են, պահպանում են աշխարհի 10 միլիոն հայերի թասիբն ու պատիվը, իսկ Մայր Հայաստանում միայն խրախճանքի և ոչնչացման տանող խաղաղության օրակարգ է առաջ մղվում:

Շուրջ բոլորը մահ է. չկա օր, որ անիշխանությունից ու համատարած քաոսից մարդիկ չմահանան, եթե մի օր բանակում զինվոր չի զոհվում, արդեն նվաճում ենք համարում: Այս իշխանությունը եկավ դագաղներով, շարունակում է իշխել դագաղներով։ Իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը այս մահաբեր իշխանությունից օր առաջ ազատվելն է։ Եթե ուզում ենք ունենալ պետություն, ուրեմն չպետք է շարժվել իշխանության թելադրած օրակարգով. պետք է համախմբվել ազգայինի շուրջ` բանակ, հայրենիք, պետություն (ԵՌԱԲԼՈՒՐ, ԱՐՑԱԽ):

Հ.Գ. «Որդիների Կանչ» ՀԿ-ն ցավակցում է այսօր Լանջիկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարի հետևանքով զոհված մեր 11 հայրենակիցների հարազատներին և ընտանիքի անդամներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ