Արցախցի ուսանողներն այսօր՝ օգոստոսի 3-ին, կրկին հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան ի պաշտպանություն օրեր առաջ առևանգված Վագիֆ Խաչատրյանի։
Նրանք վանկարկում են՝ «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին ադրբեջանական սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, պահանջում է տեսազանգ ապահովել հոր հետ, որպեսզի անձամբ համոզվի, որ լավ է կամ առհասարակ ողջ է։
«Մենք տեղ չենք գնալու, սպասում ենք։ Ժամանակ ենք տվել նորից, մինչև վաղը սպասում ենք, որ գոնե աղջկան թույլ տան տեսազանգով խոսել հոր հետ»,– հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը