Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության մասին՝ նշելով, թե, իբր, նա «Ադրբեջանի կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա իբր մեղադրվում է 1991 թվականին «հանցավոր խումբ ստեղծելու» և «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին» մեջ:
Ադրբեջանի դատախազության հաղորդմամբ՝ «Ադրբեջանը 2013 թվականի նոյեմբերի 12-ին միջազգային հետախուզում է հայտարարել Խաչատուրյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։
Այսօր ավելի վաղ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել էր, որ այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ գրել էր, որ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ, այս պահին ճակատագիրը անհայտ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը