17 07 2023

Կրկին մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոցներ են տեղափոխել Հայաստան

Կրկին մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոցներ են տեղափոխել Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամնքները պարզելու ուղղությամբ:

2023թ. հուլիսի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով  նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, Մեղրի քաղաքից Երևան ուղևորվելու ճանապարհին, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողների համատեղ ուժերով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կմ հատվածում կանգնեցվել են «Opel Astra 1.6» և «Mercedes benz S430» մակնիշի ավտոմեքենաները: Այդ ընթացքում «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին, փախուստի փորձ կատարելով՝ բախվել է վերջինիս ամրակցված «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում, ոստիկանության ծառայողներից մեկը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը գլխի հատվածում ստացել է քերծվածքի տեսքով մարմնական վնասվածք։ Նշված «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի վայրում, առկա է եղել երեք կապոց՝ թմրանյութին բնորոշ սուր յուրահատուկ հոտով և փաթեթավորված պոլիէթիլենային ու ալյումինե ստվարաթղթով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ երեք տղամարդիկ ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա:

Նախաքննության ընթացքում, Արմավիրի բնակչի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել է ընդհանուր 22.31 կգ «Մարիխուանա», 237,84գ քաշով «Մեթամֆետամին»,0,985կգ քաշով «Կանփեի» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 0,69գ քաշով «Bs» գրառմամբ սպիտակ դեղահաբ, 2 ապակյա խողովակ:
Նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 237,47 գրամ ընդհանուր համաքաշով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթում առկա սպիտակ գույնի փոշեբյուրեղային զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին», իսկ 981,43 գրամ ընդհանուր համաքաշով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթում առկա  դարչնագույն, յուրահատուկ հոտով, բուսական զանգվածը՝ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց: Ներկայացված մնացած փաթեթներում առկա  զանգվածների վերաբերյալ հետազոտությունը շարունակվում է:

Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ հիշյալ երեք տղամարդիկ ներգրավված են ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կազմակերպել է 46-ամյա տղամարդը։ Վերջինս, նախապես պայմանավորվելով խմբի մյուս անդամների հետ, ստանձնել է իրավապահների վերակարգերի ուշադրությունը շեղելու պարտականությունը, որպեսզի թմրամիջոցներով բարձված «Օպել» մակնիշի ավտոմեքենան անարգել կարողանա Մեղրիից հասնել Երևան քաղաք:

Ձեռք բերված փաստերի հիման վրա հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ