Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ, խիստ ներգործող նյութեր պարունակող բույսեր աճեցնելու, փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից մանրամասնում են. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված ապացուցողական և վարութային համակարգված գործողությունների, Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ ՌԴ 38-ամյա քաղաքացի Ա.Ս.-ն, «Տելեգրամ» հավելվածում առկա առցանց խանութ-հարթակի միջոցով զբաղվելով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, այն առավելապես ընդլայնելու և նոր՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, ստեղծել է կազմակերպված խումբ՝ հանցավոր կազմակերպություն՝ դրա կազմում ներգրավելով Կորեայի Հանրապետության քաղաքացի Ջ.Կ.-ին, ինչպես նաև՝ իր մտերմուհիներ, ՀՀ քաղաքացիներ 25-ամյա Է.Հ.-ին և 19-ամյա Ս.Կ.-ին, և ղեկավարել այն:
Այնուհետև, մշակելով հանցավոր ծրագրեր, խմբի անդամների միջև կատարել է դերաբաշխում, նրանց տվել հանձնարարություններ, իրականացրել հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների կառավարում, վերահսկում և բաշխում։
Ստեղծված հանցավոր կազմակերպության գործունեությունն ավելի ընդլայնելու նպատակով Ա.Ա.-ն, Ջ.Կ.-ի հետ միասին, 2023թ. ապրիլին վարձակալել են առանձնատուն, որտեղ, «Մարիխուանա» տեսակի թմրանյութ ստանալու նպատակով, բնակարանի բոլոր սենյակներում ստեղծել են հատուկ լաբորատոր հարմարություններ` օդափոխության և լուսային համակարգերով։ Ապա տարբեր տարաների մեջ ցանել և հատուկ պայմաններում, իրացման և շահույթ ստանալու նպատակով, աճեցրել են «Կանեփ» տեսակի բույսեր, որոնք հանցավոր կազմակերպության անդամների կողմից վերամշակվել են, իրացման նպատակով բաժանվել մասերի, փաթեթավորվել, և ինչպես առձեռն, այնպես էլ՝ թաքստոցներում տեղադրելով, «Տելեգրամ» հավելվածի առցանց խանութ-հարթակի միջոցով վաճառվել մի շարք անձանց:
Ա.Ա.-ի և հանցավոր կազմակերպության անդամների կողմից, 2021թ․ դեկտեմբերից մինչև 2023թ․ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, հանցավոր ճանապարհով` թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով, «Տելեգրամ» համացանցային հավելվածի միջոցով իրացված թմրամիջոցների գումարները հաճախորդներից ստացվել են կրիպտորաժույթի փոխարինված վիճակում՝ Ա.Ա.-ին պատկանող կրիպտոարժույթի էլեկտրոնային հաշվեհամարների փոխանցելով:
Այնուհետև, Ա.Ա.-ն իրեն պատկանող հիշյալ կրիպտոհաշիվներից կրիպտոարժույթ է փոխանցել կրիպտոարժույթի փոխանակում իրականացնող ԱՁ-ի էլեկտրոնային կրիպտոդրամապանակին:
Վերջինս, 133 անգամ կրիպտոարժույթը փոխարինելով դրամի՝ ընդհանուր 9.151.400 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև թմրանյութի վաճառքից ստացված այլ գումարները փոխանցել է Ա.Ա.-ին պատկանող «Ի դրամ» դրամապանակին, որոնք տնօրինվել են Ա.Ա.-ի և հանցավոր կազմակերպության խմբի անդամների կողմից։
Հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով ցանված և աճեցված թվով 202 հատ տերտրոհիդրոկանաբինոլ պարունակող «Կանեփ» տեսակի բույսերը, ինչպես նաև 3030 գրամ «Կանեփ» տեսակի թմրանյութը, 59.09 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրանյութը, 1 հատ կշեռք, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, բույսերի աճեցմանը խթանող այլ նյութեր հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ, իսկ խմբի անդամների բնակության վայրերում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 323.7 գրամ «Մարիխուանա» և 0.05 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութեր և էլեկտրոնային կշեռք:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 318-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ խմբի մյուս երեք անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 404-րդ հոդվածի 3-րդ մասով, 319-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խմբի բոլոր անդամների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին»:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը