Երեկ՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 23։00-ի սահմաններում «Սիսիանի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Գրիգոր Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Պողոսյանը և 72-ամյա Վալերիկ Թարվերդյանը։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։50-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում հիվանդանոց տեղափոխված Տ․ Պողոսյանը իր վարած VAZ 21043 մակնիշի ավտոմեքնայով բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վալերիկ Ղազարյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային։
Վթարից հետո դեպքի վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը սուր կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել Գ․ և Տ․ Պողոսյաններին և Վ Թարվերդյանին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք՝ սուր կտրող-ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը