26 06 2023

Նվաստացումի 50 երանգները․ 168.am

Նվաստացումի 50 երանգները․ 168.am

168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունները, առնվազն վարքագծային առումով, հակադիր, փոխբացառող ուղղվածություններ ունեն։ Հայաստանից դուրս նա իրեն պահում է առյուծից մազապուրծ եղած նապաստակի հանգույն, իսկ երկրի ներսում դիրքավորվում է՝ որպես գիշատիչ։


Նրա արտերկրյա այցերի մասին պատմող տեսանյութերի ու լուսանկարների համադրությունը ներհայաստանյան ելույթների ձայնագրությունների հետ, անծանոթ դիտողի մոտ կարող է կոգնիտիվ դիսոնանս առաջացնել՝ արդյո՞ք տեսանյութերում խղճուկ մուրացկանի արտաքինով երևացողն ու ամբիոնի մոտ առյուծ կտրած ճղճղացողը նույն անձն է։

Անձի երկվությունը, որի հիման վրա Նիկոլ Փաշինյանը կառուցում է իր արտաքին՝ պաշտպանվող, խեղճացած, և ներքին՝ հարձակվող ու խեղճացնող քաղաքականությունները, արդեն հասնում են պաթոլոգիայի աստիճանի։ Ընդ որում, այդ երկու իրավիճակներն իրականում փոխպայմանավորող են և ունեն օրգանական, պատճառահետևանքային կապ։ Հոգեբանական բազմաթիվ տեսություններ կան նվաստացման, ստորացման ու դրա սուբլիմացիայի վերաբերյալ։

Այդ տեսությունները՝ տարբեր շեշտադրումներով, բացատրում են, որ նվաստացող կամ ստորացող անձն այլ, իր համար ավելի հարմար իրավիճակներում փորձում է իր նվաստացումը փոխհատուցել այլոց նվաստացնելով կամ ստորացնելով։ Հայկական քաղաքական իրականությունը հենց այդ երևույթի խտացված ու գռեհիկ արտահայտությունն է․ Նիկոլ Փաշինյանը որևէ մայրաքաղաքում հանդիպում է Պուտինին, Միշելին, Ալիևին կամ Էրդողանին է այցելում անձամբ, այնտեղ ստանում է նվաստացման՝ տեսանյութերում երևացողից շատ ավելի մեծ չափաբաժիններ, և վերադառնալով Երևան՝ արտաքին ստորացումը փորձում է փոխհատուցել ներքին ագրեսիայով։

Այս մեխանիզմը, ի դեպ, ողբերգականորեն արտահայտում է հայկական քաղաքական իրականության անոմալիան, այն առումով, որ, ի տարբերություն երկրների մեծ մասի, Հայաստանն իրականացնում է ոչ թե ներքին քաղաքականության վրա խարսխված արտաքին քաղաքականություն, այլ ճիշտ հակառակը՝ արտաքին քաղաքականության հիման վրա է կառուցում ներքին քաղաքականությունը։

Առաջին՝ դասական մոտեցման դեպքում, Նիկոլ Փաշինյանը պետք է նույնպիսի ագրեսիվություն ցուցաբերեր նաև արտաքին աշխարհում, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ինչի համարձակությունը չունի։ Բայց քանի որ նա համարձակություն ու կամք չունի նաև հրաժարվելու արտաքին աշխարհում նվաստացող երկրի ղեկավարի պաշտոնից, համաձայնել է ստանձնել «դրսում ստորացող, ներսում գոռացողի» դերը, ինչի դիմաց հայ հասարակությունը վճարում է ազգային անարժանապատվության պարբերական արարների ականատեսը դառնալով ու դրանից բխող՝ երկրի անվտանգությանը սպառնացող հետևանքներով։ Իսկ թե ինչպես են անվանում ուժեղի մոտ ստորացողին ու իրենից թույլին ստորացնողին, Նիկոլ Փաշինյանը կարող է ճշտել Ալիևից կամ Էրդողանից՝ իր հաջորդ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ