7or.am-ը գրում է․
Հայաստանի դատախազական համակարգում օրերս սկսվեց և դեռ շարունակվում է այսպես ասած՝ «կադրային ջարդը»: Չնայած, ի՜նչ ջարդ, դատելով ընդգրկումից, իրականացվում է դատախազների ամենաիսկական «կոտորած»:
Ի՞նչ խնդիրներ է լուծում Նիկոլ Փաշինյանը դրանով:
Գլխավոր դատախազություն, ինչպես հայտնի է, Փաշինյանը գործուղեց իր, բայց ավելի շատ Աննա Հակոբյանի «կոմիսար», նրա կազմակերպած «բարձրաշխարհիկ» միջոցառումներին մշտապես ներկայացող Աննա Վարդապետյանին: Նա, ի լրումն ամենի, մի քիչ էլ «զեմլյակ» է, այսինքն՝ իջևանյան արմատներ ունի և, մեծ հաշվով, կարող է Հայաստանն աղետած «իջևանյան կլանի» լիարժեք անդամ համարվել:
Լրատվամիջոցներում միմյանց հաջորդում են հրապարակումներն այռ այն, թե այսինչ դատախազն է պաշտոնից ազատվել, այնինչն է ազատվել, այս մեկն է դիմում գրել, այն մեկն է հեռացել և այդպես շարունակ: Ավելին, շրջանառվում են հրապարակումներ, որ հեռացածներին փոխարինում են Աննա Վարդապետյանի «մարդիկ», հիմնականում՝ համալսարանում դասավանդելու շրջանում իր հավանած ուսանողներին:
Կարճ ասած, Աննա Վարդապետյանը դատախազությունը լցոնում է յուրայիններով:
Դե, դա միանգամայն հասկանալի է: Քանի որ «Նիկոլի Հայաստանում» ԽԾԲ-խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը «չկա», նշանակում է, որ նշանակումները հենց այդ մոտեցմամբ էլ պիտի արվեն: Ցանկացած ոլորտում, նախարարությունում, հիմնարկում այդ վիճակն է:
Դատախազների «կոտորածի» հիմնական նպատակներից մեկը, ըստ այնմ, արդեն ակնարկվեց. ձերբազատվել «նախկիններից», այն է՝ 2018-ից առաջ պաշտոնավարումն սկսած դատախազներից, որոնք դիտարկվում են անվստահելի և նրանց փոխարինել Աննա Վարդապետյանին հավատարության երդում տված, նրան պարտական «կադրերով», յուրայիններով, որոնց հրահանգներ տալը ավելի քիչ գլխացավանք կհարուցի:
Երկրորդը, հասկանալի է, այդպիսով նաև կազմաքանդվում է ևս մեկ պետական հաստատություն՝ դատախազական համակարգը: Դե, բանակը, առհասարակ, Զինված ուժերը, մի շարք նախարարություններ, պետական ինստիտուտներ կազմաքանդելուց հետո հերթը վաղ թե ուշ պետք է դատախազությանն էլ հասներ: Հասավ: Կազմաքանդում են:
Զուգահեռաբար ուշադրություն է գրավում նաև այն, որ այս օրերին պաշտոններից ազատվել են գրեթե բոլոր այն դատախազները, որոնք այս 4-5 տարիների ընթացքում հանդես էին գալիս աղմկահարույց քաղաքական գործերով: Փաստը մնում է փաստ, որ այդ գործերով Նիկոլ Փաշինյանի կողմից հանդես եկող դատախազները կաշվից դուրս էին գալիս, որպեսզի ցույց տան, թե ինչպիսի՜ հավատարմությամբ, որքա՜ն ջերմեռանդորեն են իրենք ծառայում իրենց նոր տիրոջը՝ Փաշինյանին: Ուղղակիորեն իրենց չէին խնայում, ծառայամտորեն օգտագործվում էին: Եվ օգտագործվեցին: Իսկ հիմա դուրս են նետվում համակարգից՝ կամովի, թե հարկադրյալ, ընդհանրապես կարևոր չէ:
Այնուամենայնիվ, ինչ-որ արդար բան կա դրա մեջ: Ու դա է բոլոր օգտագործվողների անշեղ ուղին: Նրանք հաստատ ստացան մի մասը այն բանի, ինչ վաստակել էին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը