Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանի գրասենյակից։
Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։
Տեսանյութի եւ դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետեւյալը.
Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնեւյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։
Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը եւ պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից:
Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձեւավորել եւ ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու եւ նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։
Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման եւ սոցիալական ցանցերով տարածման հետեւանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաեւ տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։
Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։
Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը