ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում էր թքելու դեմ պայքարից ու ասում, որ դա քաղաքակրթական հարց է և անթույլատրելի։
«Փաշինյանի այդ խոսքերին կարելի էր ուշադրություն չդարձնել, բայց խնդիրն այն է, որ թքել-չթքելու հարցում Սինգապուրի փորձին անդրադարձող Փաշինյանը ծպտուն չի հանել Ազգային ժողովի նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու դատապարտելի արարքի մասին։ Դա նշանակում է, որ Փաշինյանը ողջունում է Ալեն Սիմոնյանի արարքը՝ ցույց տալով, որ «սիրում եմ բոլորին, խոնարհվում եմ բոլորի առաջ և հպարտանում բոլորով» կարգախոսն ընդամենը բառերի կույտ էր և երեսպաշտության դրսևորում։
Ալեն Սիմոնյանն իր արարքի համար իբրև թե ներողություն է խնդրել, բայց մնացել է իր պաշտոնին՝ արատավորելով խորհրդարանի խոսնակի կարգավիճակը։
Նույն Ալեն Սիմոնյանն այս ամբիոնից հայտարարեց, թե դատարանը որոշում է կայացրել, որ ես պետք է ներողություն խնդրեմ իրենից ու գումար վճարեմ։ Տեղեկացնեմ, որ դա ասֆալտի թեմայով է, ավելի ստույգ՝ Ալեն Սիմոնյանի առնչությանն ասֆալտի գործին, որի մեջ, ըստ օդում կախված լուրերի, նա հետաքրքրություն ունի։
Մեր երկրի վարկին խայտառակ հարված հասցրած, ռազմագերիների մասին անընդունելի հայտարարություններ արած, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնող քայլերի գնացած, Արցախի ու Հայաստանի անվտանգությանը վնասող բազմաթիվ հայտարարություններ արած, մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերած, նոր պատերազմ ու նոր պարտություն բերող թիմի անդամ, ըստ մամուլի՝ անհայտ ծագման փողերով միկոնոսներում վայելքներ արած, քաղաքացու վրա թքած և սեփական զազրելի արարքների համար ներողություն չխնդրած Ալեն Սիմոնյանը ներողություն է ակնկալում ինձանից։
Ես, բնականաբար, բողոքարկելու եմ 1-ին ատյանի կայացրած վճիռը (ի դեպ, հայցադիմումը բավարարվել է մասնակի), բայց ինձ համար կարևորը մեր ժողովրդի գնահատականն է։ Մեր ժողովուրդն այնպիսի բնորոշումներ է տալիս Ալեն Սիմոնյանի վարքագծին ու անձամբ իրեն, որ չեմ կարող հիմա ներկայացնել, քանզի դրանք ոչ նորմատիվային են։
Ալեն Սիմոնյանը եթե պատվի ու արժանապատվության, ինչպես նաև պետության ինստիտուտների մասին առողջ պատկերացումներ ունենար, ապա պետք է ներողություն խնդրեր անձամբ Կարեն Մկրտչյանից ու հեռանար ինչպես իր պաշտոնից, այնպես էլ քաղաքականությունից ընդհանրապես։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։
Ու եթե իրենք չեն հեռանում, ապա պետք է հեռացվեն։ Որքան շուտ, այնքան լավ մեր երկրի համար»,-ասաց պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը