01 05 2023

Տիգրան Ավինյանի կինը ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգից․ դատարանն է պատավորեցրել

Տիգրան Ավինյանի կինը ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգից․ դատարանն է պատավորեցրել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից՝ ոչ կոռեկտ «բառամթերքի» համար։ «Փաստինֆո»-ն գրում է, որ ներողություն խնդրելուն Պահլավունուն պարտադրել է դատարանը՝ արձանագրելով, որ նա վիրավորել է Գրիգորյանին։

Դեռևս 2020թ մարտին ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ որ եթե Ավինյանը համապատասխան քայլեր չանի կնոջ ասածի համար, ապա հարցը կլուծվի իրավական ճանապարհով։

«Հարգելի՛ պարոն Ավինյան, դուք չեք կարողացել զսպել ձեր կնոջ ճառերը, և արդյունքում ձեր կինը հանդես է եկել ոչ հարիր բառամթերքով սոցիալական ցանցում` հասցեագրված օտար տղամարդու, ինչը լայն տարածում է ստացել լրատվական դաշտում: Ակնկալում եմ ձեր կողմից տղամարդուն վայել կեցվածք, պատասխանատվություն` սեփական կնոջ բառամթերքի համար»,-գրել էր Գրիգորյանը, սակայն, արձագանք չստանալով, ապրիլի 4-ին դիմել էր դատարան՝ պահանջելով դատական կարգով պարտավորեցնել Պահլավունուն՝ ներողություն խնդրել, հերքել հրապարակայնորեն արտահայտված պատիվը և արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները, ինչպես նաև 1 մլն դրամ բռնագանձել` որպես փոխհատուցում։

Խնդրո առարկա հայտարարությունը, որը հայցվորի դիտարկմամբ՝ վիրավորանք էր պարունակում, եղել է. «Առանց դրա էլ բոլորը շատ լավ գիտեն ում շունն ես» արտահայտությունը։

Գործի քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ հայցապահանջի՝ 1 մլն դրամի չափով արգելանք դնելով Պահլավունու գույքի նկատմամբ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, 2022թ. հոկտեմբերի 11-ին մերժել էր հայցադիմումը՝ վճռելով հօգուտ Փահլավունու բռնագանձել 200.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Հայցվոր կողմը բողոքարկել է վճռը՝ պահանջելով բեկանել այն և բավարարել հայցն ընդդեմ Պահլավունու։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Հարություն Ենոքյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Նարեկ Գաբրիելյանի, Կարեն Համբարձումյանի, մասնակի բավարարել է բողոքը՝ բեկանելով Սիմիզար Հովսեփյանի վճիռը։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է Տիգրան Ավինյանի կնոջը՝ ներողություն խնդրել բժշկից, ինչպես նաև բռնագանձել 100.000 դրամ՝ որպես փոխհատուցում՝ Գրիգորյանին պատճառված վնասի համար։ Դատավոր Կարեն Համբարձումյանի հատուկ կարծիք է ներկայացրել՝ իր անհամաձայնությունը հայտնելով վճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերով վիրավորանքի դիմաց որոշված 100․000 դրամի չափով փոխհատուցման հետ և գտնում է, որ փոխհատուցման չափը պետք է սահմանվեր 200․000 դրամի չափով, ինչպես և առաջարկվել էր որոշման նախագծով։

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, ինչի հիման վրա Մարիամ Պահլավունին ֆեյսբուքյան իր էջում հրապարակավ ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ