News.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ՝ ապրիլի 25-ի երեկոյան, փողոցում «դավաճան» անվանած քաղաքացի Սամվել Վարդանյանին դեպքից հետո ազատել են աշխատանքից։
NEWS.am-ի հետ զրույցում Սամվելը պատմեց, որ մոտ մեկ ամիս աշխատում էր Երեւանի հյուրանոցներից մեկում, որի անունն այս պահին չի ցանկանում նշել, որպես գիշերային ադմինիստրատոր, երեկ էլ գնում էր աշխատանքի, երբ տեսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից դուրս եկող Փաշինյանին եւ վանկարկել «դավաճան»։
«Աշխատավայրում շատ տհաճ խոսակցություն ունեցա տնօրինության հետ։ Իրենք շատ վատ արձագանքեցին դեպքին։ Ասացին, որ դրանից հետո չպետք է ոտք դնեի իրենց տարածք, փորձում էին համոզել, որ արարքս սխալ է, ես, իհարկե, հակառակը պնդեցի։ Այդպես երկուստեք հասկացանք, որ այլեւս հնարավոր չի լինի աշխատանքը շարունակելը»,- ասաց Սամվելը։
Սամվելի խոսքով՝ ինքը նախկինում իշխող թիմից այլ անդամների եւս նույն որակումն է տվել, սակայն բերման չի ենթարկվել։ Փաշինյանին «դավաճան» անվանելուց հետո Սամվելին էին մոտեցել տասից ավելի ոստիկաններ եւ բերման ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով։ Ոչինչ չհայտնաբերելուց հետո նրան երկու ժամ անց բաց էին թողել։
«Չեմ կարող ասել, որ այդ պահին Նիկոլ Փաշինյանն է ուղիղ հրահանգ տվել, սակայն վստահաբար նկատել է ինձ։ Ոստիկանությունում հարցնում էին՝ ինչու եմ արել, որ կուսակցությունից եմ։ Ես էլ ասացի, որ անկուսակցական եմ, իմ քաղաքական դիրքորոշումն եմ հայտնել։ Միայն ես չեմ իրեն դավաճան կոչում, երկրում շատ-շատերն են այդպես կարծում։ Վստահաբար չեմ զղջում, ընկճված չեմ, նորից նույնը կանեմ»,- ընդգծեց Սամվել Վարդանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը