26 04 2023

Ծեծի է ենթարկվել ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարը. shamshyan.com

Ծեծի է ենթարկվել ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը՝ ժամը 21։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ թիվ զորամասից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, ձախ քունքային շրջանի հեմատոմա, աջ վերհոնքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջադ, հեմատոմա կրծքավանդակի և ողնաշարի փակ վնասվածքով, հարցական նշան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոսպիտալ են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 47-ամյա Լեռնիկ Օհանյանն է։

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Տավուշ բնակավայրի 1-ին փողոցի 71 հասցեում գործող ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Լ․ Օհանյանի և Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Գոռ Աթոյանի ու 33-ամյա Վարդան Եսայանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լ․ Օհանյանին։

 Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Գ․ Աթոյանին ու Վ․ Եսայանին հայտնաբերելու ուղղությամբ։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Լ․ Օհանյանը ՀՀ Պաշտպանության նախարարության Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարն է (զինկոմ)։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ