Սոթքի ոսկու հանքի աշխատանքները լրիվ դադարեցվում են, գրել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով հանքի աշխատակիցներին:
Օրեր առաջ լրատվամիջոցը գրել էր, որ հանքի աշխատակիցները փորձել են գնալ աշխատավայր, սակայն ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նրանց ուղղությամբ, որից հետո հանքի աշխատանքները դադարել են․ մի քանի օր շարունակ կրակահերթը թույլ չէր տվել, որ աշխատանքները վերսկսեն, աշխատակիցները նույնիսկ փորձում էին բողոքի ակցիա կազմակերպել Երևան-Սևան ավտոմայրուղու վրա:
«Այս լուրից հետո` մի քանի օր առաջ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել է հանքի աշխատակիցներին, խնդրելով սպասել մինչև երեքշաբթի՝ ապրիլի 25-ը, որպեսզի կարողանան կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Այսօր մարզպետը կրկին հանդիպել է Սոթքի հանքի աշխատակիցներին եւ տեղեկացրել է, որ հանքի շահագործումը կասեցվում է` հանքը այլևս չի աշխատելու:
Հանքի աշխատակիցներից մեկի խոսքով՝ մարզպետն իրենց տեղեկացրել է, որ աշխատողները կստանան այս ամսվա աշխատավարձի 1/3-ը, 40 աշխատակից աշխատանք կստանան ինչ-որ ռուսական գործարանում, իսկ մնացած աշխատողները «պետք է իրենց գլխի ճարը տեսնեն»:
Սոթքի ոսկու հանքում աշխատում էր ավելի քան 800 մարդ` հիմնականում Վարդենիս համայնքից»,- գրել է «Հրապարակ»-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը