Վահե Սարգսյանը գրում է․
«Ավանդական Ջահերով երթը տեղիք է տվել քննարկումների և շահարկումների։
Նիկոլական֊տարոնչախոյանական ագիտպրոպին չեմ անդրադառնա. այն թուրքական է, և տեղեկատվական այդ արշավին պետք է վերաբերվել իբրև թշնամու գործողություններից մեկը ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի։ Վերջ։
Ինչ վերաբերում է այլ շրջանակների քննարկումներին։
Գիտեք, երբ մեկ տարի առաջ Երևան քաղաքից դուրս մի վայրում Իշխանը, իր ընկերներն ու համախոհները կազմում էին Դիմադրության շարժման գործողությունների պլանը, այդ փուլում ընդդիմության ներկայացուցիչներից ոմանց մոտ կար նաև երկմտանք (առանցքային դեմքերից ոմանց մոտ` նաև փողոց դուրս գալու անհամաձայնություն)` արդյո՞ք նպատակահարմար է իջնել փողոց, արդյո՞ք հնարավոր է հասնել հաջողության, արդյո՞ք կան բավարար ռեսուրսներ և նախադրյալներ, արդյո՞ք...
Այդ արդյոքներն իրոք շատ էին և կային նաև մեզ մոտ։ Իշխանը ևս լուսնից չէր իջել և լավ հասկանում էր առկա բոլոր պատնեշներն ու դժվարությունները և, ամենակարևորը, հաջողության չհասնելու հետևանքներն ինչպես ՀՀ֊Արցախի, այնպես էլ անձամբ իր համար։
Պարզ էր` գործ ունենք հիմքում թուրքական մի մոլագար իշխանության հետ, որը, եթե անհրաժեշտ լիներ, աչքը չէր թարթելու, և Իջևանում չհոսած արյան գետերը հոսելու էին Երևանի փողոցներում և հրապարակներում։ Պարզ էր` ինչ էր տեղի ունենալու բոլորիս հետ, և, առաջին հերթին Իշխանի հետ` բառի թե' ֆիզիկական, թե' իրավական, թե՛ քաղաքական իմաստով։
Իշխանը նաև լավագույնս գիտակցում էր, որ հաջողության տերերը շատ են լինելու Շարժման շարքերում, իսկ ձախողման ԱՄԲՈՂՋԱԿԱՆ պատասխանատվությունն իր վրա է ջարդվելու, որ հոշոտելու են իրեն թե՛ դրսից, թե՛ ներսից (որքանով որ այն կարելի էր անվանել 《ներս》)։
Մենք լավագույնս գիտակցում էինք, որ Շարժումն իր հետ բերելու է թե՛ չգրված օրենքներով, թե՛ իշխանության կողմից ներդրված աննորմալ քանակի պրոբլեմներ. ի հայտ են գալու արկածախնդիրներ, պրովակատորներ, ամենագետներ, 《ինձ որ լսեք` մի օրում նիկոլը կգնա》, 《հենց հիմա մտնենք, գրավենք》֊ ների մեծաքանակ հեղինակներ, անցանկալի մարդիկ, մարդիկ, ովքեր նախկինում գործած հանցանքները Շարժմամբ փորձելու էին մաքրել և 《փրկիչ》դառնալ, մարդիկ, ովքեր չպիտի լինեին հրապարակում, բայց գալու էին և ցուցադրեին իրենց` դառնալով իշխանության քարոզչական գործիքակազմի համար յուղալի պատառ...
Բայց։
《Չանե՞նք》. այ էս հարցն ավելի սարսափելի էր։ Բոլորի հայացքը նույն բանն էր ասում` ավելի լավ էր բերետավորների մահակների տակ ծեծվել, իբրև 《հանցագործ》դատվել, ավելի լավ էր նիկոլի սնայպերների տակ պատվով գնդակահարվել, քան ևս մեկ անգամ լսել այդ հարցը։
Եվ արվեց։ Չհաջողեցինք։ Եվ ինչպես ասացի` դրա ծանրագույն հետևանքները կրում է հիմնականում Դաշնակցությունը և անձամբ Իշխանը։ Գիտեինք։
Երեկ շատերը հին և օբիժնիկ տերերի հրահանգով, շատերը Դաշնակցության ձեռնարկներին մասնակցելով` սեփական ազգին նոր֊նոր ճանաչելուց ամոթահար լինելուց տեղը չգտնելով, շատերը ֆեյսբուքում փրկիչ, հանճար ձևանալու անհագ մոլուցքով, շատերն էլ միանգամայն ազնիվ մղումներով, այս կործանարար մղձավանջի մեջ սեփական հայրենիքում ապրելու, հարատևելու ինքնապաշտպանական բնազդով վերստին անդրադարձան Դաշնակցությանն ու Իշխանին։
Շնորհակալ եմ։
Բա էլ ու՞մ։ Ուրիշ ո՞վ է ի վիճակի համախմբել ընդդիմադիր բազմաբևեռ ու բազմակարծիք շրջանակներին, տանել այնպիսի ընդդիմադիրների նազուտուզը, որոնցից ոմանց խեղդում է քմահաճությունը, ամբիցիան, ինքնահավանությունը, սեփական անձի կամ ուժի հանդեպ տոտալ պաշտամունքը, հետևում տասը մարդ չունենալով` որոշումների կայացման վրա գերազանցություն ունենալու պահանջները և այլն, և այլն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը