21 04 2023

Չի կարելի համառորեն չհրապարակել զոհված տղերքի անունները․ զոհվածի հայր



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ելույթը․

Մի գաղտնիք ասեմ, երբ որ մենք այստեղ միմյանց հայոհյում ենք, վիրավորում, անձնավորված վիրավորանքներ հասցնում, դրանից ոչ մեր, ոչ էլ մեր թիմի վարկանիշը չի աճում, ընդհակառակը, դառնում ենք ծաղրուծանակի առարկա: Ազգային ժողովը հեղինակազրկվում է, մենք էլ միասին:

Այստեղ պետք է գտնենք, թե իշխանության որ ճյուղն է շահագրգռված գցել Ազգային Ժողովի վարկանիշը, կամ որ արտախորհրդարանական ուժն է նման խնդիր դրել:

Այս մասին մենք պետք է իմանանք ու գիտակցենք, որ իրական կյանքը ֆեյսբուքից դուրս է, այնտեղ մի քանի լայք ստանալու համար այստեղ կարեւոր ասելիքները չենք ասում:

Ու երբ այստեղից հեգնախառը կամ վիրավորական արտահայտություններ եք անում ՀՅԴ-ի հասցեին, հիշեք, որ այս կուսակցությունը երկար ճանապարհ է անցել ու այս կուսակցությունից են եղել Արամ Մանուկյանն ու գարեգին Նժդեհը: Այսքանը կարծում եմ բավարար է այս կուսակցությանը հարգանքով վերաբերվելու համար, անկախ մեր քաղաքական հայացքներից:

Ու երբ ասում եք, թե Գեղամ Մանուկյանն ուրախացել էր, որ Ադրբեջանի դրոշ են վառել, չեմ կարծում, որ նա այդ դեպքից ուրախ լինի: Նա այն մարդն է, որը Ստամբուլում, Էրդողանի ներկայությամբ ակցիա է իրականացրել:

Հաշվի առնելով առկա իրավիճակը մեր երկրում եւ մեր երկրի շուրջ, հաշվի առնելով այն բարոյահոգեբանական վիճակը, որ տիրում է երկրում, ցանկանում եմ խոսել այն մասին, թե ինչ չի կարելի անել եւ ինչ չի կարելի խոստանալ ժողովրդին:

Չի կարելի չնկատել առկա լրջագույն խնդիրները, չի կարելի վախեցնել ժողովրդին, չի կարելի անհուսության մթնոլորտ առաջացնել: Կարելի է անվերջ թվարկել, թե ինչ է արվել, ինչ հսկայական նվաճումներ ունենք, բայց չի կարելի չտեսնել խնդիրները, ժողովրդի հոգսերը, անարդարությունը եւ անորոշությունը:

Չի կարելի ասել, թե ոչինչ, գերիները մեկ կամ երկու ամիս կսպասեն, բայց այդ նույն գերիներին թողնել Բաքվի բանտերում ու դեռ մինչեւ հիմա չունենալ հստակ թիվ, թե քանի գերի ունենք հակառակ կողմում:

Չի կարելի աղավաղված եւ խիստ կամայական ձեւով ներկայացնել Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը եւ այս խնդրի մասին խոսել տողատակերով եւ ակնարկներով:

Լսելով այսօրվա քննարկումները, ես պատկերացր, որ եթե 1920-ին չկորցնեինք անկախությունը, ապա տարիներ շարունակ քննարկելու էինք, թե ում մեղքով իրականություն չդարձավ Սեւրի պայմանագիրը:

Ինչու Հայաստանի չի ճանաչել Արցախի անկախությունը: Կարծում եմ մենք բոլորս գիտենք, թե ինչու, եւ առնվազն ազնիվ չէ, երբ այստեղ միմյանց մեղադրում ենք, թե ինչու դա չի եղել:

Ի վերջո, սխալի, արկածախնդրության կամ իրավիճակը սխալ գնահատելու, բանակցային գործընթացին տիրապետող եւ սրտացավ խորհուրդ տալու պատրաստ մարդկանց հետ իրավիճակը չքննարկելու հետեւանքով զոհվեցին հազարավոր հրաշք երիտասարդներ, որոնք այսօր պետք է մեր կողքին լինեին, սովորեին, արարեին, երեխաներ ունենային: Այսօր հազարավոր ծնողներ, եղբայրներ, քույրեր փողոցներով քայլողների մեջ դեռ ու միշտ իրենց երեխաներին ու եղբայրներին են փնտրելու:

Չի կարելի համառորեն չհրապարակել զոհված բոլոր տղերքի անունները, չի կարելի չհարապարակել մինչ օրս անհետ կորած համարվողների անունները:

Չի կարելի չնկատել թմրամոլների թվի, թմրավաճառության ծավալների եւ թմրանյութերի շրջանառության կտրուկ աճը ու այն վտանգը, որ այդ ախտը սպառնում է մեր երիտասարդներին եւ անգամ երեխաներին:

Չի կարելի արատավորել զինվորականի կերպարը, չի կարելի անհասկանալի պատճառաբանությամբ ուշանալ սահմանի պաշտպանությունից, չի կարելի երկիրը բաժանել սեւի ու սպիտակի, հինգերորդ կամ յոթերորդ շարասյուների: Զինվորականների դեմ հարուցված քրգործերի մասին մի բարձրաձայնեք մինչեւ դատարանի որոշումը:

Չի կարելի կարեւորել քարոզչությունը եւ անուշադրության մատնել իրական խնդիրները: Հիմա հաստատ այն պահը չէր, որ գումար ծախսենք Երեւանում ծառեր կտրելու եւ նոր՝ ճապաշխարհիկ ծառեր տնկելու համար, երբ երեւանցիներն ու Երեւանը խճճված են հազարավոր առաջնային խնդիրների մեջ: 

Երեւանը գերծանրաբեռնվում է: Երեւանը երկու կամ երեք տարի հետո անշարժանալու է: Կառավարությունը պետք է եւ պարտավոր է կանգնեցնել աղետը: Շինարարության այս անհասկանալի տեմպը, որը իրականացվում է քաղաքի կենտրոնական հատվածում, իր հետ բերելու է խնդիրներ, այդ թվում երթեւեկությունում:  

Ո՞վ է ուսումնասիրելու այս խնդիրը: Իսկ ո՞վ է ուսումնասիրում, թե ովքեր են ձեռք բերում բնակարաններ նորակառույց շենքերում, այդ թվում հրապարակված 55 հազարում: Մեր բազմաչարչար ժողովուրդը, որին տարեցտարի խոստումներ ու խոստումներ եք տալիս, ուզում է բնակարան գնել իր նոր ամուսնացած որդու կամ որդիների համար, բայց չի կարողանում նույնիսկ հիպոտեկով այն վերցնել, իսկ փոխարենը իրենց հերթական՝ երրորդ, չորրորդ, ութերորդ, անգամ տասնհինգերորդ բնակարանն են ձեռք բերում ինչ-որ մարդիկ:

Ուսումնասիրե՞լ եք, թե կոռուպցիան ինչ մակարդակի է հասել բնակարանաշինության ոլորտում: Ուսումնասիրեք:

Մտածել եք այն մասին, թե ինչու Արմավիրում, Վանաձորում, Իջեւանում կամ Սեւանում նորակառույց բազմաբնակարան շենքեր չեն հայտնվում, կամ ինչու են գյումրեցիները եւ վանաձորցիները տուն տեղ վաճառում եւ հայտնվում Երեւանում՝ համալրելով վարձով ապրողների շարքերը:

Ուսումնասիրե՞լ եք, թե Երեւանի փողոցներն ինչու են այսքան ծանրաբեռնված օրվա բոլոր ժամերին, այդ թվում աշխատանքային ժամերին: Քերոբյանը կշտապի ասել՝ սա տնտեսական ակտիվության խոսուն փաստ է: Ոչ, սա աննորմալության խոսուն ցուցանիշ է:

Երբ խոսում ենք խնդիրների մասին, շտապում են թվեր ներկայացնել: Իսկապես, եթե չլիներ վիճակագրությունը մենք այդպես էլ գլխի չէինք ընկնի, թե որքան լավ է աշխատում կառավարությունը եւ որքան լավ ենք սկսել ապրել:

Իսկ ինչ են անում կառավարությունում, պետական հարյուրավոր, գուցե հազարավոր հիմնարկներում նստած մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է ուսումնասիրեն, զեկուցեն, առաջարկեն, ներկայացնեն իրական խնդիրները եւ ոչ թե թվերն այնպես գումարեն հանեն, որ ստացվի գեղեցկադեմ վիճակագրություն:

Օրինակ, փոխանակ ներկայացնեք, թե աշխատավարձերն ավելի արագ են աճում քան գները, ներկայացրեք իրական վիճակը, որ անհասկանալի բարձր են բնակարանների գները, շատ մթերքների եւ ապրանքների գներ, որ գներն աճում են նույնիսկ դրամի գերարժեվորման պայմաններում, եւ որ մարդկանց ճնշող մեծամասնությունը ծայրը ծայրին մի կերպ է հասցնում:

Գիտեմ, հիմա լսում են ու ասում՝ Արցախը շրջափակման մեջ է, թշնամին Շուռնուխում է եւ հայտնվել է Տեղի մատույցներում, իսկ այս մարդը ինչ որ մանր խնդիրներից է խոսում: Հենց այսպես ասելով, մտածելով էլ ոչինչ չենք անում ու ավելի թուլացնում երկիրը:

Մենք պարտավոր ենք, մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է անդադար ճնշում գործադրել կառավարության վրա, նրա ղեկավարի վրա, որ նա ամեն ինչ անի Արցախը շրջափակումից դուրս բերելու համար: Իսկ ամենակարեւորն այս իրավիճակում այն է, որ չի կարելի Արցախին մենակ թողնել:

Արցախը լինելու է հայկական եւ միշտ է լինելու հայկական, եթե իհարկե ազգովի չխելագարվենք ու ավելի մեծ հիմարություններ չանենք: Մենք շարունակելու ենք գնալ Ամարաս եւ Գանձասար, եւ ոչ թե մեր տան պատերից փակցնելու ենք Գանձասարի եւ Ամարասի լուսանկարները:

Ասել ու ասելու եմ, որեւէ տիեզերական, երկրային, քաղաքագիտական օրենքում չի տեղավորվում, որ այն իշխանությունը, որի կառավարման օրոք երկիրն աղետի ու պարտության է ենթարկվում շարունակի կառավարումը: Այսուհանդերձ, մենք որոշել ենք զարմացնել ամբողջ աշխարհին: Դե եթե ձեզ վրա նման պատասխանատվություն եք վերցրել, ապա գնացեք ու ամեն ինչ արեք, որ Արցախն ազատվի շրջափակումից, որ հադրութցիները, մարտունեցիները եւ շուշեցիները վերադառնան իրենց բնակավայրերը, որ գերիներն օր առաջ տուն վերադառնան:

Ու երբ անդադար շեշտում եք 29 800 քառակուսի կիլոմետրանոց երկրի մասին, երբեք ու երբեք չմոռանաք, որ սահմանները, որոնց մասին հիշատակում եք, եղել են վարչական եւ ոչ պետական: Շատ դեպքերում դրանք գծվել են շատ փնթի, ու անգործունակ ու անհեթեթ են անկախ պետությունների առկայության դեպքում: Այնպես որ, սահմանները կարելի է հիմք ընդունել, բայց ոչ պայման, որ այն պետք է անցնի ճիշտ այնտեղով, որտեղով, որ գծված է եղել խորհրդային տարիներին: Կրկնում եմ, եթե պատասխանատվություն եք վերցնում եւ գնում սահմանագծման, ապա այս մասին երբեք չմոռանաք: Չմոռանաք, որ սահմանները չպետք է ջարդեն պետության ողնաշարը, այլ պետք է նպաստեն զարգացմանը եւ հզորացմանը: 

Արցախցիներ, սյունեցիներ, տավուշցիներ, սահմանում ապրող մեր հայրենակիցներ, դուք հերոս եք: Գիտակցում եք այդ մասին, թե ոչ, ուզում եք հերոս լինել, թե ոչ, բայց դուք հերոս եք: Ու վստահ եղեք, որ մենակ չեք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ