Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։
Բնակիչներից մեկը նշեց, որ մարտի 22-ին դիմում են ներկայացրել փոխվարչապետի օգնականին, որպեսզի 10 օրում պատասխանեն, բայց հիմա ասում են, որ դեռ պատասխանը չկա: «Հիմա ուզում ենք հասկանալ, թե ո՞վ է մեզ պատասխան տալու: Ուզում ենք վարչապետը մեզ ընդունի, լսի մեր խնդիրների մասին, որ տեսնենք՝ ինքը տեղյակ է այս խախտումների մասին, թե ոչ»:
Հարցին, թե որքան փոխհատուցում են առաջարկում, նա պատասխանեց. «Ժամանակին մարդկանց մեկ քմ-ի դիմաց 580-600 դոլար են վճարել, հիմա տները 10 անգամ թանկացել են, մեզ առաջարկում են 1200-1500 դոլար: Հիմա կոնկրետ մեր թաղամասում շենք են սարքում, որտեղ մեկ քմ-ն 5,5-7 հազար դոլար է արժենալու: Մենք էլ 2008-ից պայմանագիր ենք կնքել, որ մեզ պետք է այդտեղ տուն հատկացնեն: Հիմա շենքը սարքել են, մեզ ասում են՝ դուք տեղ չունեք, ձեզ չենք տալիս: Կառուցապատող է փոխվել, որի իրավունքը չեն ունեցել, որովհետեւ պայմանագրում նշված է, որ երրորդ անձի ի հայտ գալու դեպքում կողմերը պետք է գրավոր համաձայնություն տան: Բայց ոչ մի նման բան չի եղել: 70-80 տուն կա, որ այս խնդիրն ունի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը