Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Տեղ գյուղի սահմանային հատվածում զոհված զինծառայողների ընտանիքներին.
«Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։
Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին և զորակցությունը Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին։
Հայրենյաց պաշտպան մեր քաջարի զավակների սխրանքները միշտ արիությամբ կոգեշնչեն մեր ժողովրդին՝ աննկուն ոգով անառիկ ու անվտանգ պահելու տերունապարգև մեր հայրենիքը և մեր անկախ պետականությունը։
Թող հավետ օրհնությամբ ապրի արդարների հիշատակը։
Վշտակցությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: ՊՆ-ից ասել են, որ ապրիլի 11-ին ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը