30 03 2023

Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ Hetq.am

Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ Hetq.am

Խախտելով երկկողմ պայմանավորվածությունը՝ երեկ գիշերվանից (մարտի 29) ադրբեջանական կողմը հայկական Տեղ գյուղի  մոտակայքում տեղակայվել է նոր դիրքերում:

Ըստ Հայասատանի և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանավորվածության, այս տարվա ապրիլի 1-ին Տեղ և Աղավնո գյուղերի միջնամասում պետք է զուգահեռ նոր դիրքերի տեղակայման աշխատանքներ սկսվեին, բայց ադրբեջանական կողմն անցած գիշերվանից զբաղեցրել է բարենպաստ դիրքեր և ինժեներական աշխատանքներ սկսել։

Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զուգահեռ։ Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց դիրքերի ինժեներական աշխատանքներում ներգրավված գյուղացիներից մեկը։

Ըստ Hetq.am-ի զրուցակցի՝ նոր դիրքերը Տեղ գյուղից Ստեփանակերտ տանող ճանապարհին գտնվող նախկին հայկական անցակետի մոտակայքում են։ «Ճանապարհի մի կողմում մենք ենք, մյուսում՝ ադրբեջանցիները, երկու կողմում էլ տեխնիկա է բերվել, ընթանում են դիրքաշինական աշխատանքներ, դիրքերն իրարից 10-15 մետր հեռավորության վրա են»,- ասաց մեր զրուցակիցը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ