Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը ԿԳՄՍ նախարարության նախագծով լուծարման եզրին է, մինչդեռ թատրոնի կազմը պատրաստվում է ամեն կերպ պայքարել այս նախագծի դեմ, ընդհուպ` դատական կարգով։ Այս մասին թատրոնի անձնակազմը հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
Ի դեպ, նախարարության նախագծով նախատեսվում է «Գոյ» թատրոնը լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ ստեղծագործական կազմը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: Որպես հիմք նախարարությունը նշում է, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի այդ հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել և կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն:
Ի պատասխան` թատրոնի ստեղծագործական անձնակազմը նամակով դիմել է ԿԳՄՍ նախարարին և բացատրություններ պահանջել։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն ասաց․
«Երբ մեզ ասացին, որ մեզ առաջարկում են միանալ Սունդուկյանի անվան թատրոնին, մեզ մոտ հարց առաջացավ՝ եթե մենք չենք ունենում իրավական որևէ լծակ, մեզ հետ ի՞նչ է լինելու: Այսինքն՝ մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք կուզեն, հա՞: Ստացվում է, որ ուղիղ կերպով չեն ուզում ասել, որ թատրոնն ուզում են փակել, անուղղակի կերպով իջեցնում են ներքև, որ հետո կամաց-կամաց լուծարեն:
Մեզ ասում են՝ նման բան չկա, ձեզ ավելի լավ պայմաններ ենք առաջարկում: Նույնիսկ առաջարկ է եղել՝ իջեք ներքև, կունենաք բեմ, կունենաք լույս, երկու բեմադրություն եք ուզում բեմադրել, 10-15-20 մլն դրամ ներկայացումները բերեք, մենք այդ գումարը կիջեցնենք: Հիմա հարց է առջանում՝ ինչո՞ւ այդ գումարը հիմա չի կարող ուղղվել թատրոնին, բարեկարգել այդ լույսերը»,-ասաց դերասանը:
Դերասանը հիշեցրեց, որ նախօրեին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հայտարարել է, որ մշակութաերաժշտական ուղղությամբ 1,2 մլրդ դրամ է ուղղվելու կամ ուղղվել. «Հիմա հարց է առաջանում՝ ինչի սա մշակույթ չի՞, ինչի դուք մի անգամ եկե՞լ եք թատրոն, տեսնեք ինչ վիճակում ենք մենք: Ինչո՞ւ հնարավոր չէ ֆինանսական միջոցներ տրամադրել, որ մենք էլ կարողանանք բարվոք կյանքով ապրել ու ստեղծագործել: Մենք մտահոգություններ արտահայտեցինք, որ խնդիրներ ենք ունենալու Սունդուկյան թատրոնի հետ, որովհետեւ ձեռագիր կա, մտածելակերպ կա, թե ինչ կորոշեն մեզ հետ բեմադրել, մեզ հետ անել: Կոնֆլիկտներ են լինելու, չենք պատրաստվում ամբողջ կյանքում կռվել ստեղծագործելու փոխարեն»,-ասաց դերասանը։
Մնարմասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը