21 03 2023

«Փաստինֆո»-ին պատասխանելու փոխարեն դատի են տվել

«Փաստինֆո»-ին պատասխանելու փոխարեն դատի են տվել

«Փաստինֆո»-ն գրում է․ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և Տիգրան Ավինյանը հայցադիմում են ներկայացրել ընդդեմ «Փաստինֆո»-ի պահանջելով հերքել, իբր, գործարար համբավն արատավորող տեղեկությունները։

«Փաստինֆո»-ն հայցադիմումը դեռ չի ստացել ու տեղյակ չենք, թե կոնկրետ ո՞ր հոդվածն են ԱՆԻՖ-ն ու Տիգրան Ավինյանը գնահատել որպես գործարար համբավն արատավորող, առավել ևս, երբ հրապարակված որևէ հոդվածի կապակցությամբ նախկինում չենք ստացել հերքման պահանջ։

Կայքերից մեկում հրապարակված նյութից հետևում է, որ Տիգրան Ավինյանին ու ԱՆԻՖ-ին չեն գոհացրել միմյանց հետ անհամատեղելի երկու տարբեր՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի ու քաղաքապետի տեղակալի պաշտոններում Ավինյանի պաշտոնավարելու մասին «Փաստինֆո»-ի հրապարակումները։

ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հաստատել էին մեր տեղեկությունները, որ Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Նկատենք, որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու։

Նախքան հրապարակումը՝ «Փաստինֆո»-ն, գործելով բարեխիղճ, հարցումներ էր ուղարկել թե Տիգրան Ավինյանին, թե ԱՆԻՖ-ին։

Տիգրան Ավինյանից խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե արդյոք ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի ու անդամների համար աշխատավարձ սահմանված է, թե ոչ։ Եթե այո, ապա ըստ կանոնադրության, հաստիքացուցակի որքան է դրույքաչափը։ Արդյոք ինքը՝ Տ.Ավինյանը հրաժարվել է աշխատավարձից, եթե այո, ապա՝ երբ։ Սույն հարցումն Ավինյանին ուղարկել ենք 2023 թվականի փետրվարի 7-ին, սակայն առևտրային կազմակերպությունում ղեկավար ու միաժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Ավինյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները ու չի պատասխանել հարցմանն առ այսօր։

ԱՆԻՖ-ին ուղարկված հարցմամբ՝ խնդրել էինք տեղեկացնել, թե ԱՆԻՖ-ի աշխատակիցների հաստիքացուցակն, աշխատավարձերի դրույքաչափը ով է սահմանում, իրավական կամ նորմատիվ ինչ ակտով, տնօրենների խորհրդի նախագահի ու անդամների համար աշխատավարձ նախատեսված է, թե ոչ, եթե այո, ապա որքան է։ Տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված անձանցից որևէ մեկը հրաժարվե՞լ է աշխատավարձից թե ոչ, եթե այո, ապա քանի հոգի և որ երկրի քաղաքացի են հանդիսանում։ Տնօրենների խորհրդի նախագահի փոփոխություն նախատեսված է, թե ոչ։

Այս հարցերին ԱՆԻՖ-ը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, թե անհատական տվյալ է։ ԱՆԻՖ-ը հրաժարվել էր տրամադրել նաև կանոնադրությունը, ինչը «Փաստինֆո»-ն ձեռք է բերել օրենքով սահմանված կարգով՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից։

Ըստ այդմ՝ պարզվեց, որ ԱՆԻՖ-ը հանդիսանում է շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն, ինչն ամրագրված է Կանոնադրության 1.2 կետում։ Իսկ կառավարվող մարմինները երեքն են՝ բաժնետերերի ընդհանուր ժողովը, ընկերության տնօրենների խորհուրդը և գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի։

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետը, ինչպես արդեն նշեցինք, արգելում է քաղաքապետի տեղակալներին պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպություններում, ինչը, մեր կարծիքով, խախտել է Տիգրան Ավինյանը։ Վերջինս, ի հեճուկս, ՀՀ օրենսդրության, ոչ միայն պաշտոն է զբաղեցնում առևտրային կազմակերպությունում, այլև ղեկավարում է այն։

Հաստատված փաստ է, որ Տիգրան Ավինյանն է՝ որպես ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ, պատասխանատու խորհրդի աշխատանքների կազմակերպման համար, նա է վարում խորհրդի նիստերը, նախագահում ընդհանուր ժողովն ու ստորագրում, թե ընդհանուր ժողովի, թե խորհրդի որոշումները, դրանցով հաստատված փաստաթղթերը։ Համենայն դեպս, կանոնադրության 16.2-րդ կետը հենց այս պարտականություններն է ամրագրել խորհրդի նախագահի համար։

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա մեր նախորդ հրապարակմամբ ուշադրություն էինք հրավիրել այն հանգամանքի վրա, որ թե ԱՆԻՖ-ը, թե Տիգրան Ավինյանը խուսափում են հայտարարել, թե երբվանից է նա հրաժարվել ստանալ աշխատավարձ, սակայն, ինչպես նշեցինք այս պարագայում դա չէ կարևորը, այլ այն, որ նա ղեկավարում է առևտրային կազմակերպություն, ինչն ուղղակիորեն արգելված է օրենսդրությամբ։ Բացի այդ՝ հարց է նաև առաջանում՝ Ավինյանը ամբողջ դրույքաչափո՞վ է նշանակվել քաղաքապետի տեղակալ, թե՞ ոչ, քանզի ստացվում է, որ նա քաղաքապետի տեղակալի իր աշխատանքային ժամերի հաշվին կատարում է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի պարտականությունները, սակայն աշխատավարձ ստանում քաղաքապետարանից։

Արձանագրենք, որ բարձրացված հարցերի վերաբերյալ ոչ Ավինյանը, ոչ ԱՆԻՖ-ը պարզաբանումներ չէին ներկայացրել, այդ թվում հրապարակումից հետո չէին պարզաբանել, թե փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը օրական քանի ժամ է ծախսում ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պարտականությունները կատարելու համար։

Իրավասու մարմինները խուսափում են բարձրացրած հարցերի մասին տեղեկություններ տրամադրելուց, հարցերին պատասխանելուց, փոխարենը դատի են տալիս լրատվամիջոցին, ինչը գնահատում ենք ոչ միայն որպես քաղաքական կոռուպցիայի դրսևորում, այլ նաև լրատվամիջոցին լռեցնելու փորձ։ Հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու, թե իր հարկերից վարձատրվող պաշտոնյան ինչպես է տնօրինում աշխատանքային ժամերը, առևտրային կազմակերպություններում ինչ շահեր ունի, արդյոք դրանք չի օգտագործում, ծառայեցնում քաղաքական ու խմբային շահերի համար։

Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարելու մասին հայտարարություններով հանդես եկող իրավապահները ևս այս մասով պարապուրդի են մատնվել, որպիսի անտարբերություն դրսևորել են նաև Արարատ Միրզոյանի ու Սուրեն Պապիկյանի թանկարժեք բնակարանների ձեռքբերման աղբյուրները պարզելու հարցում։ Ի դեպ, դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի անտարբերությունը դրսևորվում է միայն քաղաքական իշխանության մաս կազմող պաշտոնյաների նկատմամբ, այսքանից հետո արդյոք իրավունք ունենք կարծելու, որ գործ ունենք նաև իրավապահների կողմից հովանավորչության հետ, եթե, իհարկե, կարծիք ունենալու իրավունքը դեռ գոյություն ունի Հայաստանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ