02 03 2023

Թողե՛ք, թող տնավորվեն․․․ 7or.am

Թողե՛ք, թող տնավորվեն․․․ 7or.am

7or.am-ը գրում է․

Հայաստանում զինվորներին նորմալ, կյանքի համար անվտանգ կացարանով ապահովելու համար փող չկա: Իսկ այդ զինվորների՝ կացարանում այրվելու համար ուղղակի պատասխանատվության ենթակա պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Սուրեն Պապիկյանին «էլիտար» ու նորակառույց շենքում բնակարանով ապահովելու համար փող կա ու կա: Համենայն դեպս, քպ-ական Խաչատուր Սուքիասյանի ընատանիքին պատկանող (57,5 տոկոսի բաժնետեր) «Հայէկոնոմբանկում» մի 69 միլիոն դրամ կամ 168 հազար դոլար գտնվել է, որպեսզի վարկավորի պաշտպանության նախարարի համար բնակարան գնելու գործարքը:

Մամուլում արդեն շրջանառվել են այդ փաստերը: Օրինակ, այն, որ 165 քմ ընդհանուր մակերեսով այդ բնակարանը գտնվում է Արշակունյաց պողոտայի 18/4 հասցեում գտնվող «Բյուրեղ» նորակառույց բնակելի թաղամասում, որ գնվել է բնակարանը 168 հազար դոլարով, որ դրա համար «Հայէկոնոմբանկը» վարկ է տվել, նաև այն, որ նույն շենքում այլոք գրեթե մեկուկես անգամ ավելի թանկ գներով են բնակարան ձեռք բերել, քան նախարարը (հաջող գործարք է, պետք է ասել), որ բնակարանի իրական շուկայական գինը մոտ 400 հազար դոլար է: Նաև այն, որ կառուցապատող ընկերությունն էլ «Ջերմուկ գրուպ» ն է, որը պատկանում է «նախկիններից» Աշոտ Արսենյանին, ով, չնայած իր ՀՀԿ-ական անցյալին, նիկոլական իշխանության հետ, ասում են՝ «լեզու է գտել»: Համենայն դեպս, նրա որդին՝ Վահագն Արսենյանը հենց ՔՊ-ի ցուցակով է 2021-ի դեկտեմբերին դարձավ Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար, և այլն, և այլն:

Ըստ մամուլի հրապարակման՝ «Բյուրեղ» թաղամասում բնակարաններ ունեն նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը և Վայոց ձորի նախկին մարզպետ, գործող պատգամավոր Տրդատ Սարգսյանը։ Վերջինը նաև ունի այդ նույն թաղամասում ավտոտնակ ու բիզնես տարածք։

Ի դեպ, վերջերս էլ մեկ ուրիշ կարկառուն քպ-ականի՝ ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրյոյանի մասին նման տեղեկություններ հրապարակվեցին: Նա էլ, հիշեցնենք, 2022-ի դեկտեմբերին Քասախում մի «համեստ առանձնատնակ» է ձեռք բերել, ընդամենը ինչ-որ 280 հազար դոլարով: Արժե՞ ասել, որ գործարքն իրականացվել է վերոհիշյալ «Հայէկոնոմբանկի» կողմից վարկավորման միջոցով:

Է՛լ ավելի վաղ, ի դեպ, հանրությանը հայտնի էին դարձել նույն Սուրեն Պապիկյանի կողմից անշարժ գույք ձեռք բերելու այլ դրվագներ ևս:

Իսկ է՛լ ավելի ու ավելի վաղ, դեռ նախքան պատերազմը, խոսքուզրույցի թեմար էր դարձել անվանի քպ-ական Ալեն Սիմոնյանի կողմից բնակարանային բարելավում իրականացնելու մասին:

Ձեռքի հետ էլ, մի որոշ ժամանակ հանրության ուշադրությունը գրավել էր թիվ 1-ի աներձագ, քպ-ական կարկառուն գործիչ Հրաչյա Հակոբյանի (Աննա Հակոբյանի եղբայրը) Ձորաղբյուրում ձեռք բերած ամառանոցային տիպի առանձնատնակը:

Այսքանից հետո նույնիսկ չենք ցանկանում հիշեցնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (ղեկավարն էլ չէ, նրա տեղակալ) Բագրատ Բադալյանի կողմից ԱՄՆ-ում այդպես մի 585 հազար դոլարանոց տուն գնելու մասին աղմկահարույց հրապարակումները:

Է՜հ, ո՞ւմ հասկանալի չէ, որ այս բոլոր «տնավորումների» մեջ մեկ միլիգրամ կոռուպցիա-մոռուպցիա չկա: Մարդիկ պարզապես հարմար վարկեր են կպցնում, շուկայականից էժանով կամ չէժանով բնակտարածքներ են ձեռք բերում: Հա, աշխատավարձերը այդ մի քանի հարյուր հազար դոլարներին չեն ձգում, բայց դե՝ վարկ է, բան է, կամաց-կամաց կփակվեն, էլի: Չեք ամաչո՞ւմ, կոռուպցիայի անուն եք տալիս:

Ու առհասարակ, ի՜նչ չուզողն եք: Թողեք, թող տղերքը տնավորվեն էլի, վա՜յ...

Այսինքն, եթե մյուս կողմից նայենք, քպ-ականները, այն էլ՝ առաջին շարքի, էն որ ասում են՝ «վերին էշելոնների» քպ-ականները տուն-տեղ դնելու խնդիր ունեին «նախկինների» օրոք, հնարավոր է, անգամ տուն չունեին, իմկ միգուցե փաբերում խմած կոֆեն էլ «նիսիայո՞վ» էր...

Տեսնո՞ւմ եք, թե ինչ քաղցր, ամենակարևորը՝ ձեռնտու բան է ամբաղ-զամբախ կոչերով իշխանություն գրավելը, նախարար ու չգիտեմինչարար լինելը: Պետական բյուջեից կիլոմետրանոց աշխատավարձեր՝ առանց մի կարգին գործ անելու, պետական բյուջեից «չալաղաջ» պարգևավճարներ՝ չգիտես, թե որ արժանիքի համար, պարտայգենոսեի բանկի միջոցով հարմար վարկե՜ր, պետական բյուջեի հաշվին արտասահմանյան շրջագայություննե՜ր:

Դե այն մասին, թե «բնակարանային հարցը» որքան ճոխոտ է լուծել իրենց թիվ 1-ը՝ կառավարական «դաչաներում», էլ ասելու չէ, որքան էլ որ նկարվելու համար «պեռաշկի-կուկուռուզ» ուտի:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ