28 02 2023

Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել

Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր: Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք:

Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան ծառայության պետ Վ. Ս.-ն, նույն զորամասի դասակի հրամանատար Տ. Չ.-ից տեղեկանալով այլ պաշտոնի նշանակվելու վերջինիս ցանկության մասին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ նպատակով նրա կողմից նույն զորամասի հրամանատարին 1.500 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Վ. Ս.-ն այդ մասին տեղեկացրել է հիշյալ պաշտոնատար անձին՝ իր մտերիմ Վ. Ա.-ին, ով համաձայնվել է կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Տ. Չ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու:

Համաձայն նախապես ձեռք բերած պայմանանավորվածության՝ 2022 թ. մարտի 12-ին կաշառքի գումարի մի մասը Տ. Չ.-ն փոխանցել է Վ. Ս.-ին, ով, իր հերթին, այն փոխանցել է Վ. Ա.-ին:

Արդյունքում` Տ. Չ.-ն 2022 թ. մարտի 22-ին զեկուցագիր է ներկայացրել Վ. Ա.-ին՝ խնդրելով միջնորդել վերադասին՝ իրեն նշանակել հիշյալ զորամասի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնին, որից հետո Վ. Ա.-ն, ստացած կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Տ. Չ.-ի օգտին, միջնորդություն է ներկայացրել իր վերադասին, և Տ. Չ.-ն նշանակվել է նշված պաշտոնին:

Բացի այդ, Վ. Ս.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով նույն զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Հ. Ա.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ զորամասի համապատասխան գումարտակի հրամանատարը տեղափոխվում է այլ պաշտոնի, առաջարկել է օժանդակել Հ. Ա.-ին՝ հրամանատարի հիշյալ պաշտոնին նշանակվելու համար վերադաս պաշտոնատար անձին կաշառք տալուն: Այնուհետև Վ. Ս.-ն այդ մասին հայտնել է Վ. Ա.-ին, ով համաձայնվել է 2.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Հ. Ա.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու: 2022 թ. մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում Հ. Ա.-ն Վ. Ս.-ի միջոցով Վ. Ա.-ին փոխանցել է պայմանավորված կաշառքի գումարից 1500 ԱՄն դոլարը:

Արդյունքում` Վ. Ա.-ն, կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Հ. Ա.-ի օգտին, հաստատել է Հ. Ա.-ի ծառայողական բնութագիրը և մայիսի 18-ին ներկայացրել է վերջինիս համապատասխան գումարտակի հրամանատարի պաշտոնին նշանակելու միջնորդագիր, որից հետո Հ. Ա.-ն նշանակվել է հիշյալ պաշտոնում:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, Վ. Ս.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, Հ. Ա.-ին և Տ. Չ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ