28 02 2023

Իշխանությունն ամեն ինչ անում է՝ Մամիկոն Ասլանյանի դատավճռի կայացումը հետաձգելու համար․ Կյուրեղյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ հայտարարության ժամին անդրադարձել է Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածուի հարցին․

Սիրելի հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ:

Երեկ, 27.02.2023թ-ին հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի ավագանի Մամիկոն Ասլանյանի գործով դատը:

Զավեշտն այն է, որ արդեն մեկ տարի 3 ամիս է, ինչ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է, և երեկ  դատարանը նոր որոշել է հրավիրել փորձագետ՝ ուսումնասիրելու  համար Վանաձոր քաղաքի  հատակագիծը, ինչը հանդիսանում է ներկայացված մեղադրանքի հիմնավորման փաստաթղթերից մեկը: Երեկվա դատավարական ընթացքը ցույց տվեց նաև, որ դեռ վկաները  չեն հարցաքննվել, դեռ երկար ժամանակ  կպահանջվի վերջնական վճիռ կայացնելու համար:

Փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու կապակցությամբ նորից մերժվեց:

Փաստորեն Մամիկոն Ասլանյանը դեռ կմնա կալանքի տակ, և չի կարող մասնակցել ավագանու նիստերին, իսկ թե երբ կկայանա համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ, նույնպես խիստ հարցական է, և երեկվա դատավարական ընթացքը ավելորդ անգամ ապացուցեց, որ  այս իշխանությունները ուզում են, ինչքան հնարավոր է, հետաձգել այդ նիստի օրը, քանի դեռ համոզված չեն, որ Մամիկոն Ասլանյանը չի ընտրվի համայնքի ղեկավար:

Իշխանության այդ վախերն, իհարկե, տեղին են, քանի որ, տեսեք.

Եթե դատարանը վերջնական դատավճիռ կայացնի Մամիկոն Ասլանյանի գործի վերաբերյալ, ապա հստակ կլինի հետևյալը.

Կամ նա ազատ կարձակվի և իր հետ ավագանի կբերի 17-րդ ընդդիմադիր մանդատը, Կամ նրան կճանաչեն օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված  անձ և 17-րդ ընդդիմադիր մանդատը կստանա ցուցակում հաջորդ թեկնածուն:

Երկու դեպքում էլ կստացվի 17 ընդդիմադիր, 16 ոչ ընդդիմադիր հարաբերություն: Հենց սա էլ վախեցնում է իշխանություններին և հետևաբար իրենք ամեն ինչ անում են դատավճիռի կայացումը հետաձգելու համար:

Նրանք հենց Վանաձորի համար փոխեցին օրենք և վարչապետին տվեցին համայնքի պաշտոնակատար նշանակելու լիազորություն, որը խիստ հակասում է տեղական ինքնակառավարման գաղափարին:

Նրանք չեն ուզում համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ հրավիրել մինչև վճիռը, որովհետև այդ պարագայում սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն Մամիկոն Ասլանյանը իրավունք ունի իրացնելու ընտրելու և ընտրվելու իր սահմանադրական իրավունքը:

 Սիրելի հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ,

Ես համոզված եմ, որ դուք ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակը, այսօրվա ավագանու կազմում ընդգրկված կուսակցությունների դիրքորոշումները, խոստումների և իրական գործունեության հակասությունները, «Լուսավոր Հայաստան» կուսակցության և բոլորին  քաջ հայտնի հատուկ հանձնարարություններով  դեսպանի դերը մեր հայրենի քաղաքում այս հակաժողովրդավարական խառնաշփոթը ստեղծելու  հարցում և այդ գնահատականը կարտահայտեք առաջիկա ՏԻՄ արտահերթ կամ հերթական ընտրություների ժամանակ:

Իսկ հիմա, նաև անդրադարձ տ-ն Պալյանի ելույթին: Փաստորեն ստացվում է, որ տիկին Պալյանին ավելի շատ հուզում է ձեր վարչապետի ընտանիքի վերաբերյալ հանրության իրական կարծիքը, քան 120 արցախահայերի շրջափակում, թշնամու կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ներխուժումը:

Դե ինչ, ամեն ինչ դուք ասացիք:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ