Ես կխոսեմ շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագծի վտանգավոր հետևանքների մասին՝ հատկապես մարզերի համար: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Նախագծի 15-րդ հոդվածում սահմանվում է, որ բուհում ուսանողների թիվը չի կարող պակաս լինել 4000-ից: Հիշեցնեմ, որ մարզային բուհերից ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը չունի ուսանողների՝ նախագծով պահանջվող քանակը: Ամենաշատը Շիրակում է, 3200-ի կարգի և այն էլ բոլոր բուհերը միասին: Ստացվում է, որ բուհերի վրա այս օրենքի պահանջների տարածումից հետո՝ 2026թ-ից, մարզային բուհերը այլևս իրավունք չեն ունենալու գործել։ Երիտասարդները այլևս հնարավորություն չեն ունենալու իրենց ապրելու վայրում բարձրագույն կրթություն ստանալու։ Արդյունքում մարզային երիտասարդությունը արտագաղթելու է առնվազն դեպի Երևան, եթե ոչ՝ երկրից դուրս։ Փաստորեն իրականացվում է մարզերը երիտասարդությունից դատարկելու ծրագիր՝ արդեն կրթական համակարգի միջոցով։ Դրսում կրթություն ստացած երիտասարդին շատ ավելի դժվար է լինելու հետ վերադարձնել մարզ: Բացի այդ, մարզում գործող բոլոր պետական և ոչ պետական հիմնարկները, որոնք իրենց աշխատակազմերում կոնկրետ պաշտոնների համար պարտադիր ունեն բարձրագույն կրթության պահանջ, ժամանակի հետ չեն կարողանալու լրացնել աշխատակազմը: Հետևանքը՝ մարզերում նման հիմնարկների գոյությունն է հարցականի տակ դրվելու: Դիմում եմ մարզերի բնակիչներին, մարզային բուհերի դասախոսական կազմին: Ձայն հանեք, բարձրաձայնեք: Ներկայացրեք ձեր մտահոգությունները առաջարկվող նախագծի վերաբերյալ: Մի՛ լռեք: Իսկ ինչի՞ համար է դա, եթե ոչ՝ երկիրը կամաց-կամաց, սահմանամերձ բնակավայր առ բնակավայր ազատել հայ քաղաքացուց, և ավելի հեշտ հանձնել թշնամուն, կատարել թուրք- ադրբեջանական տանդեմի պահանջները։
Այժմ շրջանառության մեջ դրված նախագծի մեկ ավելի լուրջ վտանգի մասին։ Ասում են, որ բուհերը պետք է կենտրոնացվեն ակադեմիական քաղաքում։ Արդյունքում ունենում ենք, որ մեր ողջ ուսանողությունը, երկրի երիտասարդությունը, ողջ դասախոսական կազմը կենտրոնացվում է մեկ տեղում, մեկ տարածքում։ Պարզ է, չէ՞, որ այդ մեկ տեղը, մեկ տարածքը շատ ավելի է հեշտացնելու երիտասարդների ուղեղը լվանալու իրենց ծրագրերի իրականացումը, երիտասարդների մեջ հայրենասիրության իրենց անհայրենիք պատկերացումների տարածումը։ Այս ամենը, եթե երկիրը քանդելու և հետագայում այն վերականգնելու բոլոր հնարավորությունները չեզոքացնելու փորձեր չեն, ապա ինչ են։
Այս իշխանությունները եկել են ոչ միայն Արցախը, մեր երկրի սահմանները թշնամուն հանձնելու, այլև այնպիսի քաղաքականություն իրականացնելու, որ հետագայում էլ, երկարաժամկետ կտրվածքով, հանկարծ որևէ մեկը չորոշի պայքարել այս ամենի դեմ և փորձի հետ բերել։ Այո՛, սրանք խոր մշակված, ծրագրված քայլեր են, և որևէ մեկը թող չփորձի մտածել կամ համոզել, որ պարզապես չի ստացվում։ Ոչ, իրենց մոտ ամեն ինչ էլ ստացվում է, բայց իրենց ուզածը երկիրը քանդելն է։ Սրանք շատ էլ լավ քանդում են, և հիմա էլ այս նախագծով ուզում են բուհական կրթական համակարգը հիմնահատակ քանդել»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը