7or.am-ը գրում է․
Լաչինի միջանցքի հետ կապված վերջին օրերին երկու կանխատեսում արվեց։ Երկուսն էլ չիրականացան։
Մի մասը կարծում էր, որ միջանցքը կբացվի, քանզի կա Հաագայի դատարանի որոշումը։ Մյուս մասն էլ կարծում էր, որ միջանցքը կբացվի, քանզի Արցախի Նիկոլը՝ Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատել է Ռուբեն Վարդանյանին։
Երկու կողմն էլ սխալվեց, քանզի Լաչինի միջանցքի հարցը տեխնիկական, իրավական, կադրային բնույթ չունի։ Այդ հարցը մաքուր քաղաքական է։
Հաագայի դատարանի որոշումն ավելի շատ քարոզչական նշանակություն ուներ։ Դա Ֆրանսիայի խորհրդարանի որոշման նման մի բան էր, որը հաճելի է հայ ժողովրդի ականջի համար, բայց իրական կյանքում ոչինչ չի տալիս։ Արևմուտքը հայտարարություններով Հայաստանի կողմն է, բայց գետնի վրա՝ Ադրբեջանի հետ է, քանզի էներգակիրների հարցով Բաքուն շատ կարևոր դերակատարում է ստանձնել։ Դա է պատճառը, որ արևմտյան երկրները և կառույցները դատապարտում են Ադրբեջանին, բայց նույնիսկ թեթև պատժամիջոց չեն կիրառում Բաքվի դեմ։
Ինչ մնում է Ռուբեն Վարդանյանի թեմային, ապա այն փակվեց, բայց ճանապարհը բաց չէ։ Հետևաբար՝ անիմաստ դարձան այն խոսակցությունները, թե, իբր, Վարդանյանին աշխատանքից հեռացնելուն պես միջանցքը կբացվի։
Լաչինի միջանցքը եթե բացվի, ապա բացվելու է ո՛չ Հաագայով, ո՛չ Վարդանյանի թեմայով պայմանավորված։
Լաչինի միջանցքի կարգավիճակը Նիկոլ Փաշինյանը 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում համաձայնել է փոխել։ Նա Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այդ որոշումը վերահաստատվեց նաև օրերս Մյունխենում տեղի ունեցած եռակողմ՝ Բլինքեն–Փաշինյան–Ալիև հանդիպման ընթացքում։ Հենց պրահյան գործընթացն է բերել Լաչինի միջանցքի փակմանը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքի վերաբացման հարցը քաղաքական հարթության մեջ է։ Միջանցքն այդ միգուցե կարող է բացվել, բայց դա ոչինչ չի նշանակում, քանզի կրկին փակելու համար Ադրբեջանի համար միշտ էլ առիթ կգտնվի։
Լաչինի միջանցքը կայուն բաց լինելու և Արցախի համար կենսական նշանակության խնդիրներ լուծելու համար պետք է Երևանում փոխվի քաղաքականությունը։ Քանի դեռ Նիկոլն իշխանության է, Լաչինի միջանցքը, Արցախի ապագան, արցախահայության անվտանգ կյանքը հարցականի տակ են լինելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը