13 02 2023

Ո՞վ, ո՞վ է․ Հայկ Կոնջորյան․ Չքայլած հեղափոխականը

Ո՞վ, ո՞վ է․ Հայկ Կոնջորյան․ Չքայլած հեղափոխականը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելիս ուշագրավ առաջընթաց նկատեցինք․ 2018 թվականին՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար ներկայացրած հայտարարագրում, նշել է, որ ունի «VOLKSWAGEN GOLF 2.0» մակնիշի ավտոմեքենա և 21 միլիոն 300 հազար դրամ փոխառություններ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 534 հազար դրամ, որը նրա՝ 2018թ․ հունվար–մայիս ամիսներին ստացած աշխատավարձն է:

2021-ի հայտարարագրով, արդեն, Կոնջորյանը համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերել բնակարան Նոր Նորքում, իսկ «Գոլֆը» մեծացել-դարձել է 2012 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա:

Տարվա ավարտին բանկային հաշվին ունեցել է 784,318 դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է 1,2 միլիոն դրամ: Մեքենա ձեռք բերելու նպատակաով բանկից վերցրել է  1,407,028 դրամ փոխառություն: Եկամուտը տարվա կտրվածքով եղել է 7,295,99 դրամ, որպես եկամտի աղբյուր նշված է միայն ՀՀ ԱԺ-ն:

Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2018-ին ունեցել է 5,720,000 եկամուտ և 2,500,000 փոխառություն: 2021-ին արդեն ըստ ներկայացված հայտարարագրի՝ համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերել բնակարան Նոր Նորքում, տարվա ավարտին բանկային հաշվին ունեցել է մոտ 680 հազար դրամ, կանխիկ գումարը կազմել է 950 հազար դրամ, ինչպես նաև 52,000 Ethereum և 6,600 Ripple կրիպտոարժույթ:

Եկամուտը կազմել է 6,812,857 դրամ՝ աղբյուրը Հայփոստ և 2,287,887 դրամի աղբյուրը՝ ՊԵԿ:

ԱԺ պատգամավոր դառնալը Կոնջորյանին դարձրեց տանտեր, բայց հանուն արդարության նշենք, որ նա միակը չէ, ՔՊ-ական պատգամավորների մեծամասնությանն է նման բախտ վիճակվել, իսկ որոշներն անգամ անշարժ գույքերի կոլեկցիա ունեն։

Հայկ Կոնջորյանի քաղաքական կենսագրությունն էլ ավելի հետաքրքիր է։ Էդմոն Մարուքյանի «վարած նավից» թռնելիս Կոնջորյանը մի միտք ասաց, որը սկսեց հետևյալ տողով․ «Ես իմ քաղաքական գործունեության վիթխարի մասը․․․»։ Իհարկե՝ 31 տարեկան գործիչը, որը ընդամենը մի քանի ամիս է պատգամավոր, դրանից առաջ էլ առանձնապես աչքի չի ընկել գործունեությամբ, երբ խոսում է քաղաքական կենսագրության վիթխարի մասից, դա արդեն ծիծաղելի է, բայց այս անգամ էլ ևս հանուն արդարության նշենք, որ ՔՊ-ում միայն ինքը չէ այդքան գլուխգովան։

Եվ այսպես, 36 տարեկան Կոնջորյանը 31 տարում արդեն փոխել էր 3 քաղաքական տանիք, ինչի մասին, ի դեպ, խնամքով թաքցրել է ԱԺ կայքում կենսագրությունը ներկայացնելիս։ 

Նախ անդամակցել է «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությանը՝ դառնալով ՀԺԱՄ-ի երիտթևի ղեկավար։ Այնուհետև դուրս է եկել այդ կուսակցությունից և անդամակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ 2018 թվականի նախընտրական շրջանում, երբ մի թեթև սկսեցին «Լուսավոր Հայաստանն» ու Քաղաքացիական պայմանագիրը իրար կսմթել, հրապարակային դուրս եկավ «Լուսավոր Հայաստանից» և մտավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ։ Այդպես նա իրեն պատգամավորի նոր մանդատ վաստակեց։

Քաղաքականության մեջ թեև դրան տալիս են առնետավազք անունը, սակայն ինքը՝ Կոնջորյանը, այլ կերպ բնորոշեց․ «Ես հավատում եմ և մշտապես հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին և այն գործին, որ նա սկսել է: Ես չեմ կարող ընդդիմանալ մի բանի, ինչին հավատում եմ, ինչպես կարող եմ դեմ լինել սեփական պատկերացումներին»: Բայց ուշգրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի բռնած գործին ի սկզբանե հավատացած Կոնջորյանը որևէ մասնակցություն չի ունեցել 2018 թվականի հեղափոխական քայլարշավին ու հեղափոխությանն առհասարակ։

Բայց միայն կուսակցություններ չէ, որ հաճախ է փոխում սույն երիտասարդ երեսփոխանը։ Հաճախ է փոխում նաև սկզբունքներ։ Այսպես, 2017-2018թթ. աշխատում էր «Para.tv» ինտեռնետ TV-ի «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ և վարող, ավելի առաջ՝ այլ լրատվամիջոցում՝ նման ձևաչափով․ նրա հաղորդումներից մի քանիսը դիտելով՝ կարող ենք վստահաբար ասել, որ լրագրող Կոնջորյանից բան չի մնացել, ինքը իր դավանած սկզբունքներին 180 աստիճան հակառակ է գործում հիմա։

Բերենք երկու օրինակ։ 2018 թվականի մարտ ամսին, երբ Հայաստանի խորհրդարանը Արմեն Սարգսյանին ընտրում էր նախագահ, և նա միակ թեկնածուն էր, լրագրող Կոնջորյանը ծաղրող տեսանյութ էր հրապարակել այդ մասին։ Աննախադեպ էր համարում։ «Ընտրությունը մեկ թեկնածուով, ոնցոր տանգոն մենակով, ոնցոր սեքսը մենակով, չնայած Հայաստանյան քաղաքական իրականության մեջ էս վերջինը շատ մոտ է»,- ասում էր նա։ Նաև ծաղրում էր, որ քաղաքացիները զրկված են պետության երկու կարևոր դեմքերին՝ նախագահին ու վարչապետին ընտրելու հնարավորությունից, քաղաքացուն համեմատում էր միջնադարյան ճորտի հետ։

2022թ․ մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին ընտրեց նախագահ, դարձյալ միակ թեկնածուն էր, դարձյալ ժողովուրդը չէր մասնակցում ընտրությանը ու հանգամանքների բերումով՝ հենց Կոնջորյանն էր ներկայացնում Վահագն Խաչատուրյանին ու պատկերացրեք շատ գոհ էր ինքն իրենից։

Մեկ այլ թողարկման մեջ, որում անդրադառնում է անկախությանը, ասում է․ «Մեզանից շատերը մինչև հիմա չունեն պետական շահի գիտակցում։ Մինչև հիմա որոշ մարդիկ հավատում են, որ պետք է գան իչ-որ փրկիչներ ու Հայաստանը փրկեն, հյուսիսից արևմուտքից, ներսից, դրսից։ Եթե դա ասեր միջնադարյան խավարում ապրող անկիրթ գյուղացի, կարելի էր հասկանալ, բայց չի կարող 21-րդ դարի ինֆորմացիոն հասարակության մեջ ապրող հոմոսափիենսը, առանձնյակը մտածել որ․․․» և այլն և այլն։

 Ճակատագրի բերումով, հիմա, որ Լաչինի միջանցքը փակ է, և 120 հազար արցախցի փրկության կարիք ունի, Կոնջորյանն ու թիմակիցները, իրենց առաջնորդից սկսած, հայտարարում են, որ պետք է գան ու փրկեն Հյուսիսից, եթե չեն կարող՝ ուրեմն Արևմուտքից։

Մի խոսքով, լավ էր խոում Կոնջորյանը, երբ լրագրող էր, բայց պատգամավոր Կոնջորյանը ավելի հզոր գտնվեց ու ջախջախեց լրագրող Կոնջորյանին․ մոտավորապես այնպես, ինչպես վարչապետ Փաշինյանը ջախջախեց պատգամավոր ու լրագրող Փաշինյանին։

Հայկ Կոնջորյանը ԱԺ-ում միայն պոպուլիստական ելույթներով չէ, որ հանդես է գալիս․ երբեմն դառնում է սկանդալների, անգամ՝ դիվանագիտական սկանդալների թեմա։

Այսպես, 2019թ․ հունվարի 16-ին ԱԺ-ում ելույթ ունենալով՝ ասաց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ավտորիտար երկիր է։ «Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում»,- ասաց նա։ Ավելի ուշ, բարձրացած աղմուկի պատճառով, ճեպազրույց տվեց ու ասաց, որ վրիպել է և շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին, որ ասաց, որ դա միայն Կոնջորյանի կարծիքն է։

Ահա և «չքայլած հեղափոխական» Հայկ Կոնջորյանի «վիթխարի» քաղաքական ուղին։

Ի դեպ, ինչո՞ւ որոշեցինք անդրադառնալ Հայկ Կոնջորյանին, մանավանդ որ ՔՊ-ում հանրության համար բոլորը մեկ են և նույնն են․ այս նոր շարքում կանդրադառնանք ՔՊ-ականների և ոչ միայն։

 

Կոլաժի լուսանկարները՝ Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան էջից և լրատվամիջոցներում նրա վարած հաղորդումներից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ