16 01 2019

Ձախողված ելույթ․ «Իմ քայլ»-ի պատգամավորի սկանդալային ելույթը

Ձախողված ելույթ․ «Իմ քայլ»-ի պատգամավորի սկանդալային ելույթը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանի ամբիոնից ուշագրավ ելույթ ունեցավ։ Նա նշեց, որ Իրանի Իսլամական հանրապետությունն ավտորիտար երկիր է։

«Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ», – հայտարարեց նա։

Պատգամավորի այս հայտարարությանը հետևեցին համացանցային բուռն քննադատություններ։

Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն ԱԺ ամբիոնից արդեն Իրան են քլնգում։

Ապրեք, ապրեք։ Մի երկու հատ էլ վրացիքին քրֆեք, եւ մնանք մենք մերոնցով։ Սկզբից մնացած սիգը ուտենք, հետո մոլիբդեն կռծենք, հետո իրար ուտենք ու էս կյանքից մեզ ու աշխարհը ազատենք»։

 

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով…»

Կարծում եմ, Հայաստանի խորհրդարանում Իրանի մասին համանման դատողություններ անելը չափազանց վտանգավոր է ինչպես Հայաստանի Հանրապետության համար, այնպես էլ Հայ-իրանական բարիդրացիական փոխհարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից։ Հատկապես, որ այսպիսի հռետորաբանությամբ է հանդես գալիս կառավարող ուժի խմբակցության ներկայացուցիչը»։

 

Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․ «Կներեք, որ կտրուկ եմ գրում, բայց այս դեպքում այլ տարբերակ չկա: Իշխող ուժի պատգամավորը, որը ԱԺ ամբիոնից կարող է իրեն թույլ տալ «ավտորիտար Իրան» արտահայտությունը՝ առանց մտածելու ու հասկանալու, թե ինքը ո՛րտղ է խոսում ու ո՛ւմ է ներկայացնում, պետք է զրկվի չափահասության վկայականից (պատգամավորական մանդատից մասին էլ չեմ խոսում): Ավել բան չեմ ուզում գրեմ, որ մի կերպ ինձ չափի մեջ պահեմ:

Հ.Գ. Իրանը «ավտորիտար» չի, բայց դա ընդհանրապես կապ չունի, հասկանում եք»:

 ****

Հետո պատգամավոր Հայկ Կոնջորյանը հանդես եկավ պարզաբանմամբ․ «Սա բացարձակապես չի բնորոշում իմ վերաբերմունքն այդ պետության, այդ ժողովրդի նկատմամբ։ Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ, որը միանշանակ այլևս չի կրկնվի»։ Նա ասաց, որ յուրաքանչյուրը պետք է իր սխալների վրա սովորի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ