11 02 2023

Hummer-ի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Hummer-ի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

«2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեռ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից։

Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաև` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։ Այնուհետև նա երթևեկել է ՀՀ Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պանաջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։

Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից` մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթևեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երևան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ և դիմել փախուստի:

2023թ․փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և  264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում վերոհիշյալ փողոցներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, «Համեռ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հաշվառման համարանիշը, վնասված անվադողի կտորներ։ Իսկ «Համեռ» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև պարեկային ծառայության և քաղաքացիներին պատկանող մեքենաները զննվել ու տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:

Վկայի և տուժողի դատավարական կարգավիճակներով հարցաքննվել են պարեկային ծառայության մի շարք աշխատակիցներ:

Վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ  «Համեռ» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակչի, ով փետրվարի 11-ին` ժամը 01:40-ին, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Քննությամբ պարզվել է, որ «Համեռ» մակնիշի ավտոմեքենան վարել է վերջինիս որդին՝ Գ․Ս․-ն, ով եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ: Տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք և օգտագործել թմրամիջոց:

Փետրվարի 11-ին՝ ժամը 03:20-ին, Երևան քաղաքում խուլիգանություն, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասում կատարելու և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ,  1997թ․ ծնված Գ․Ս․-ն:

Վերջինիս  անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:

Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է»։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ