08 02 2023

Հարցը լուծվելու է Երևանում, պետք է ավելի շատ հայ հասկանա, որ խաղաղ ապրելու համար պետք է պայքարել․ Խաչատուր Գրիգորյան



 

«Տպավորություն է, որ շարժվում ենք 90-ական թվականներ, երբ խանութներում մեծ հերթեր էին, ապրանք գրեթե չկար, մի քանի ժամով էին լույսը տալիս, հիմա նմանատիպ իրավիճակում ենք գտնվում»: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «ՋիՋի» ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը, որը դեկտեմբեր ամսից գտնվում է շրջափակված Արցախում։ Աշխատանքի բերում Արցախ ժամանելու հենց հաջորդ օրը ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստների կողմից փակվեց Բերձորի միջանցքը և Խաչատուր Գրիգորյանը մնաց Արցախում, ինչի համար, ինչպես ինքն է ասում, միայն ուրախ է:

«Պետք է փորձությունների մեջ նոր հնարավորություններ գտնել, ցանկացած դժվարություն մարդուն ավելի ուժեղ է դարձնում, մենք հնարավորություն ունենք ավելի կուռ թիմ դառնալ: 90-ականների հաղթանակը հենց այդ դժվարություններից դուս գալու կամքի արդյունքում եղավ»,-նշում է նա:

Խաչատուր Գրիգորյանի խոսքով՝ խնդրի լուծման բանալին շատ պարզ է, պետք է, որ յուրաքանչյուր հայ հստակ գիտակցի ստեղծված իրավիճակը:

«Խնդիրն այն է, որ ավելի շատ հայ հասկանա, որ մեր դեմ գործարկված է հիբրիդային պատերազմ, բայց ցանկացած պահի կարող է դառնալ ոչ միայն հիբրիդային: Մեզ հիմա փորձում են համոզել, որ մենք թույլ ենք, զոհ ենք, մեզանից ոչինչ կախված չէ, չկա նման բան: Կա մեկ օրակարգ՝ մենք ունենք շրջափակված, պաշարված Արցախ, ցանկացած շեղում օրակարգից մեզ տանելու է հիբրիդային ճակատամարտում պարտության:

Հարցը լուծվելու է Երևան քաղաքում, որովհետև ամենաշատ հայերը հենց Երևան քաղաքում են գտնվում: Պարզապես պետք է հայ մարդը հասկանա, որ եթե ուզում է խաղաղ ապագա, ապա պետք է պայքարի, հակառակ դեպքում այն իրավիճակը որն այսօր Ստեփանակերտում է, վաղը կլինի Երևանում: Արցախը մեր անվտանգության երաշխավորն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ