Շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: «Շրջափակման հետևանքով շինարարությունն ընդհանուր առմամբ դադարեցվել է՝ հաշվի առնելով շինանյութերի պակասը: Դրանք մեծամասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից: Նախատեսված էր 2022 թվականի տարեվերջին շահագործման հանձնել 300 նոր բնակելի տուն: Չնչին աշխատանքներ են մնացել, սակայն համապատասխան շինանյութերը, ինչպես նաև դիզվառելիքը չեն բավականացնում, որպեսզի գործն ավարտին հասցնենք: Անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու դեպքում 1-1,5 ամսվա ընթացքում դրանք պատրաստ կլինեն շահագործման հանձնելու համար»,- մանրամասնեց Քաղաքաշինության նախարարը:
Նրա խոսքով՝ գույքագրել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակների առկայությունը և ընթացիկ տարում փորձում են որոշակի աշխատանքներ սկսել: «Սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում ավելի լուրջ խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Առկա ռեսուրսներն օգտագործելուց հետո, եթե դրանք չլրացվեն, ապա ամբողջությամբ դադարեցվելու են շինարարական աշխատանքները»,-ընդգծեց նախարար Սարգսյանը՝ հավելելով նաև, որ ներկայում շինարարական կազմակերպությունները չունեն համապատասխան աշխատանք և չեն կարողանում վճարել իրենց աշխատողներին, ինչպես նաև փոխկապակցված այլ աշխատանքներ իրականացնել:
Գերատեսչության ղեկավարը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում մեկնարկել է բնակարանաշինական աննախադեպ ծրագիր՝ 3800 նոր բնակելի տների կառուցման, ինչպես նաև պատերազմի ընթացքում հրետակոծությունից տուժած բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների վերակառուցման աշխատանքներ:
«Աշխատանքներն ընթանում էին բնականոն հունով մինչև 2022թ դեկտեմբերի 12-ը, երբ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակվեց: Ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականին»,- եզրափակեց Արամ Սարգսյանը՝ հայտնելով նաև, որ պատերազմից հետո շահագործման է հանձնվել ավելի քան 300 նոր բնակելի տուն, իսկ համայնքների հին և տիրազուրկ բնակֆոնդերում ավելի քան 470 տուն վերանորոգվել և տրամադրվել է տեղահանված ընտանիքների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը