«Այն թեման, որն այսօր բերվել է խորհրդարան, ունի մեկ գլխավոր նպատակ՝ հանրությանը շեղել վերջին շրջանում ՀՀ ԶՈւ-երում տեղի ունեցած ողբերգություններից, Զինված ուժերի և պետական կառավարման համակարգի ձախողման հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստներից»,-այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին։
«Ակնհայտորեն բավականին թույլ «փաստարկներով», իրավական բավականին խոցելի հիմքերով փորձ է կատարվում զինված ուժերում առկա իրավիճակը որևէ ձևով պայմանավորել վերջին երկու կամ երեք տասնամյակներով պայմանավորված գործընթացներով»,-ասաց պատգամավորը և հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո բարձրացված խնդիրներն առնչվում են գործող իշխանություններին, նրա 4-4.5 տարվա գործունեությանը:
«Այն իշխանությունը, որը նախորդ տարի կառավարության որոշմամբ ՊՆ-ի բալանսում գտնվող 71 ռազմական օբյեկտ է հանել աճուրդի, այսօր փորձում էր քննարկում ծավալել այն հարցի շուրջ, թե ինչքան վտանգավոր քայլ էր իրականացվել սրանից 10-12 տարի առաջ, երբ զորամասերից մեկի զորանոց հանդիսացող տարածքը, որն, ինչքան տեղյակ եմ, այդ ժամանակ որևէ չափանիշի չէր համապատասխանում և 90-ականներին իրավիճակի բերումով էր զինծառայողների կացարանի վերածվել, հանվել է վաճառքի»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը